Գագիկ Ջհանգիրյանը հեռանում է ԲԴԽ-ից

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից, հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- գրել է նա։

***

Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։

Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի 1-ը ժամանակ է խնդրել․ «Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ իմ նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,- նշել է Վարդազարյանը։

Դատախազությունը հայտնել է, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։

Հունիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Մեկնաբանել