Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու:

Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից:

Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ.

– Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից:

– Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել:

– ԱԺ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն:

– ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ:

– Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա:

– Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։

Ուստի ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝

Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է»,- գրել է Թագուհի Թովմասյանը։

***

Այսօր՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է հանդիսացել մեկ նստաշրջանից ընթացքում նրանց կողմից բացակայությունների մեծ թիվը։ Սաղաթելյանը 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, իսկ Հակոբյանը՝ 192:

Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ազգային ժողովում վարչական պաշտոնից հրաժարական է տվել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։

Հրաժարականների մասին հայտարարեցին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։ «Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել»,– ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նստացույցն ավարտելուց հետո էլ ընդդիմադիրների ԱԺ չվերադառնալուց հետո՝ հունիսի 16-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում է ընդդդիմադիր որոշ պատգամավորներին մանդատներից զրկելու կամ վարչական պաշտոններից (հանձնաժողովների նախագահներ, ԱԺ փոխնախագահ) հետ կանչելու հարցը։

Ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները ղեկավարում էին երեք հանձնաժողով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ կրկին «Հայաստան» խմբակցությունից։ Ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանն էլ զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Մեկնաբանել