Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում չեմ կայացրել․ Հայկ Մարության

hayk marutyan

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։

Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Radar Armenia կայքում հրապարակված մի լուր՝ վերնագրված «40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանում», և գրել․

«Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն իհարկե հնչեղ վերնագիրն է։ Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»»:

Radar Armenia կայքի համասեփականատերը Վարագ Սիսեռյանն է՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Տիգրան Ավինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ներկայացվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու 2023-ի աշնանը կայանալիք քաղաքային ընտրություններում։

«Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։

Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել ))»,- գրել է Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում։ 2021-ի դեկտեմբերին, երբ Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցությունը որոշեց պաշտոնանկ անել քաղաքապետ Հայկ Մարությանին, նա իր եզրափակիչ ելույթում խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին և նրա որոշ անդամների հեղափոխության արժեքները դավաճանելու և պաշտոնաեական դիրքը չարաշահելու համար։

Մեկնաբանել