«Քուրդական վտանգը՝ թուրքական եւ ռուսական գոտիների միջեւ». Տեսակետ

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը «Հետք»-ում գրել է հետեւեալը.

«Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժինները ամփոփվում են հիմնական մի քանի ուղղության վրայ:

Նախ անշուշտ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի եւ անուղղակի միջոցներով: Սիրիայի թուրքմենները զինելու բացահայտ դիրքորոշումը ուղղակի հակակշիռ քայլ է եւ կապվում է քրտական գործոնին նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության: Անվտանգության գոտիի ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքին թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները եւս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրին` քրտական թղթածրարին հետ: Թուրքիայի արտգործ նախարարին փութալը հյուսիսային Իրաքի քուրդական ինքնավար շրջան եւ տեսակցությունը նախագահ Պարզանիի հետ գլխավոր այդ մտավախությունից է բխում։:

Թուրքական տարածքներից Սիրիա են թափանցում ամերիկյան ծառայությունները իրենց ռազմարհեստագիտական սարքերով: Սիրիայի ծովափը տողանցում է ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով: Ծովեզերյա Սիրիայի նկատմամբ կիրառվող ռուսական այս հոգատարությունն ու պաշտպանվածությունը թուրքական գոտիին դիմաց ռուսական գոտի է ենթադրում։

Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում գոտիների ձեւավորման հետեւելիք նոր սահմաններ: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն եւ հառաջիկա հանգրվանին կարող է ներառել Թուրքիան: Ճիշդ այստեղ է, որ կբազմապատկվի քուրտական գործոնին նշանակությունը: Հյուսիսային Իրաքի ինքնավար տարածքը մեկ մասնիկն է քուրտերի առաջադրած տարածքներին: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քուրտերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի մատնած է անվտանգության գոտիներ որոնող Անկարային: Սիրիական դեպքերից պաշտպանվելուց առաջ համաքրդական միավորումի գործընթացները խոչընդոտելու են միտվում այդ գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունների ցուցադրությունները:

Իրոք, Թուրքիան վտանգված է: Թվում է, թե մոտ է գարունը: Քուրդական գարունը:»

Մեկնաբանել