Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին 175 տարեկան է

2022 թ. հուլիսի 1-ը՝ պատմական օր

Հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «ԱՆԽԱԽՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ» խորագրով հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակին:

Հանդիսությանը ներկա էին Հայաստանի և Արցախի պետական և հոգևոր այրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային, հայաստանյան և արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր մարզերից, արտերկրից, լրագրողներ:

Այստեղ էին AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, նախագահ Նազարեթ Դարակջյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի և Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Հովել Միքայելյանը, Հայ Ավետարանական եկեղեցիների միությունների նախագահներ վեր. վեր. Ռընե Լևոնյանը, Կալվին Սաղրյանը, Փոլ Հայդոստյանը, Ալբերտ Փայտյանը:

Հանդիսության սկզբում AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը ողջունեց ներկաներին և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Ապա բեմ հրավիրվեց AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առիթով՝ նա շեշտեց. «…Ոգեկոչելով Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամեակը, փառք կուտանք Աստուծոյ այն լուսաորումին համար զոր Եկեղեցին բերաւ հայ ժողովուրդին, ծնունդ առնելով անոր պատմական հայրենիքի ծոցին մէջ, անցնելով Միջին Արեւելք, ապա աշխարհածավալ հայկական Սփիւռք եւ վերջապես վերադարձ մոխիրէն յառնած նորանկախ հայրենիք….»:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք. Հովհաննիսյանը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես ասված էր. «….Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Հայ Ավետարանական եկեղեցու նոր ղեկավարության հետ ներկայիս ձևավորվել են բարի հարաբերություններ, որոնք արդյունավորվում են գործակցային սերտ շփումներով: Այսօր պարտք ունենք՝ մեր ժողովրդի զավակներին, հատկապես մեր երկրի համար առկա ծանր պայմաններում անկախ իրենց դավանական տարբերություններից, քաջալերել և խրախուսել ամենայն նվիրումով ներդրում բերելու՝ հայրենիքի դժվարին իրավիճակից դուրս հանելու, նեղությունները հաղթահարելու և միասնաբար մեր ապահով ու լուսավոր գալիքը կերտելու համար»:

Ներկաները դիտեցին նաև Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի անդամների շնորհավորական ուղերձները:

Հանդիսավար Անդրանիկ Մարդոյանն ընթերցեց հատված՝ Սահակ Բ. Պատրիարք Հայոց Թուրքիոյ շնորհավորական նամակից հատված:

Ելույթներից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար ու գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի` Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան): Երկացանկն ավելի քան հագեցած էր ու հավուր պատշաճի: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արմեն Սմբատյանի ստեղծագործություններից, հոգևոր երգեր: Երաժշտախմբերի ելույթները ղեկավարում էր դիրիժոր, գործիքավորող դոկտ. Վարդան Ակոբեանը՝ Լիբանանից:Հանդիսությունն ավարտվեց Արմենակ Միսիրյանի «Աղոթք Տերունական»-ով և Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վեր. Հովել Միքայելյանի օրհնության աղոթքով:

Հանդիսության սկզբում և ավարտին հյուրերին բաժանվեցին ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԸ և Հայ ավետարանականններին վերաբերող գրքեր:

Հանդիսության ժամանակ ցուցադրվեց Հայ Ավետարանական եկեղեցու մասին պատմող եռամաս ֆիլմը, որում ներկայացված է կազմակերպության հոգևոր, կրթամշակութային ուղղվածությունն ու բարեսիրական առաքելությունը: Ներկաների ուշադրությունը հրավիրվեց մասնավորապես այն փաստի վրա, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում գործել են 137 կազմակերպված Ավետարանական եկեղեցիներ, եղել է 82 ձեռնադրյալ հովիվ, 97 քարոզիչ, եկեղեցու 14 հազար հաղորդական անդամ, 270 կիրակնօրյա դպրոց, 7 քոլեջ, 46 բարձրագույն վարժարան, 3 աստվածաբանական ճեմարան:

Ցեղասպանությունից փրկված 14-15 հազար հայ ավետարանականներ գաղթել են Եվրոպա, Ամերիկա, Մերձավոր Արեւելքի երկրներ, որտեղ եւ հիմնել են Հայ Ավետարանական եկեղեցիներ ու Ավետարանական միություններ և շարունակել ազգանպաստ ծառայությունը հայոց հոգևոր, կրթամշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում: Անցած 175 տարիներին Ավետարանականները աշխարհի տարբեր անկյուններում հիմնել են կրթական հաստատություններ, հրատարակել բազմաթիվ պարբերականներ, ծավալել բարեսիրական ծառայություններ: 1994-ի հուլիսի 1-ից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք ստացավ եւ ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ:

Այսօր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Հայաստանում ունի 11 հոգուց բաղկացած հոգեւոր խորհուրդ, որը ղեկավարում է եկեղեցու ընդհանուր ծառայությունները: Հայաստանում եւ Արցախում կա 23 եկեղեցի, 14 ձեռնադրյալ հոգեւոր հովիվ, 9 արտոնյալ քարոզիչ եւ հովվի 5 օգնական:

Ի դեպ, այս օրերին Հայ Ավետարանական համաշխարհային խորհուրդը, Հայ Ավետարանական եկեղեցին, AMAA-ը բազմաթիվ շնորհավորական նամակներ են ստացել աշխարհի, Հայաստանի, Արցախի պետական և հոգևոր կառույցների, կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք իրենց բարեմաղթանքն են հղում Հայ. Ավետ. եկեղեցու 175-ամյա հայանպաստ գործունեության առիթով և հույս հայտնում, որ այսուհետ ևս իր վաստակով ու փորձառությամբ հարստացած Հայ Ավետ. եկեղեցին կշարունակի ծառայել հայ ժողովրդի հոգևոր վերածննդի սուրբ գործին: