Սիսիանը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների․ ով է մասնակցում ընտրապայքարին

Սիսիան խոշորացված համայնքում համայնքային իշխանության ղեկը ստանձնելու համար արդեն չորս թեկնածուի անուն է շրջանառվում:

Սիսիան խոշորացված համայնքում 2022-ի աշնանը ՏԻՄ ընտրություններ են լինելու: Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես չի հաստատել սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը՝ Սիսիան համայնքում քննարկման գլխավոր թեման ընտրություններն ու թեկնածուներն են: Սյունեցիներն առայժմ չորս թեկնածուի մասին են խոսում, թեև խոսակցություններ կան, որ նրանց թիվը դեռ ավելանալու է: Վստահ են` պայքարը թեժ է լինելու:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի հավանական թեկնածուներից է ներկայիս պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հակոբջանյանը, անկուսակցականներ Սևակ Մուսաթյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը։ Չորսն էլ սյունեցիներ են և ապրում են Սիսիան համայնքում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում անկուսակցական Սևակ Մուսաթյանն ասաց, որ պայքարի մեջ է մտնում հաղթանակի ակնկալիքով, սակայն մյուս թեկնածուների հետ ունի մարդկային հարաբերություններ․ բոլորին էլ վաղուց ճանաչում է: Մուսաթյանն ակնկալում է արդար, անաչառ ընտրություններ և դեռ չի որոշել, թե ինչ դաշինքով է հանդես գալու։

Արդեն 11 տարի է՝ Սիսիանի դպրոցներում դասավանդում է շախմատ։ Նախկինում 12 տարի աշխատել է ՏԻՄ-ում և Սյունիքի մարզպետարանում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Ասում է՝ բիզնես չունի, աշխատանքից դուրս զբաղվում է դաշտավարությամբ։

Անկուսակցականներ Արա Զաքարյանն ու Սիմոն Հովհաննիսյանը դեռ խուսափում են հրապարակային ելույթներից: Արա Զաքարյանը աշխատում է «Գրանգ Քենդի» ընկերությունում որպես պահեստի տնօրեն: Մարզում հայտնի է որպես գործարար, ասում են` ընդդիմադիր չէ։

Սիմոն Հովհաննիսյան էլ Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է։ Վերջերս էլ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Սիսիանի համայնքապետարանում խուզարկություն էին իրականացրել և բերման ենթարկել Սիմոն Հովհաննիսյանին: Ըստ շրջանառվող լուրերի` վերջինս մեղադրվում է հակակոռուպցիոն գոծերով։ Խոսակցություններ են պտտվում, որ հանդես է գալու «Հայաստան դաշինքով»։

Մասնագիտությամբ սանփորձագետ Արմեն Հակոբջանյանը ՔՊ կուսակցության անդամ է: Շուրջ մեկ տարի է՝ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Աշխատել է մի քանի մասնավոր ընկերություններում: Հակոբջանյանի ակնկալիքները մեծ են, ասում է` բոլորը տեսնում են համայնքում կատարված աշխատանքները։ Բոլոր թեկնածուների հետ ունի լավ հարաբերություններ և վստահ է` «սիսիանցին ճիշտ ընտրություն կկատարի»:

Սիսիան խոշորացված համայնքը ընդգրկում է 36 բնակավայր (2 քաղաք, 34 գյուղ)։ Բնակչությունը 30 575 է։

Առաջիկայում ընտրությունների է պատրաստվում նաև Քաջարան համայնքը։

Արմինե Սիմոնյան, Գորիս

Մեկնաբանել