Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեր գերակայություններից է․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հուլիսի 4-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։ Առանձնազրույցից հետո Միրզոյանն ու Վերման մասնակցել են Հայաստանում ընթացող Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացման արարողությանը։

Բացման խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։

«Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։ Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը»,- հիշեցրել է նա։

Միրզոյանի խոսքով՝ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները․ 2021թ-ին այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016թ-ի շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ:

«Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին: Կարծում եմ, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան,զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանել