Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբեն Ռուբինյան

Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման ավարտին հայտարարություն տարածվեց, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է ձեռք բերված արդյունքների և ընթացիկ աշխատանքի մասին։ Զրույցից մի հատված՝ ստորև։

– Հայտարարությունը […] ժամանակային առումով համընկավ և հետևեց Ադրբեջան-Հայաստան բանակցություններում դրական տեղաշարժերի մասին հայտարարությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ քննարկումներում դրական տեղաշարժեր կան։ Դուք այս զուգահեռները տեսնո՞ւմ եք։ Արդյոք այս գործընթացները մեկը մյուսով պայմանավորվա՞ծ են, թեպետ հայտարարվում է, որ Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունները առանց նախապայմանների են։ Ամեն դեպքում, սինքրոնիզմ կա՞ այդ հարաբերություններում։

– Չեմ կարծում։ Իրականում, կարծիքների մոտեցման մասին հայտարարություն առաջին անգամ չէ, որ հնչել է Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման կոնտեքստում։ Ընդհանրապես, այդ հանձնաժողովը՝ երեք փոխվարչապետերի, տեխնիկական մակարդակում շատ ապակառուցողական մթնոլորտում չէ, որ աշխատում է։ Խնդիրը ավելի շատ քաղաքական մակարդակում է՝ Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման համատեքստում, և առաջին անգամ չէ, որ չափավոր օպտիմիզմով հայտարարություններ են հնչում։ Եվ նախկինում նույնպես այդպիսի հայտարարություններ հնչել են, բայց Թուրքիայի հետ առաջընթաց այդ ժամանակ չի եղել։ Իսկ, ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մեզ համար Հայաստան-Թուրքիա և Հայասատան-Ադրբեջան գործընթացները առանձին են։ Բնականաբար, Թուրքիայից պարբերաբար հայտարարություններ են հնչում՝ իրենց կողմից գործընթացը Ադրբեջանի հետ կորդինացնելու մասին, ինչը բնականաբար մեր տեսանկյունից այդքան էլ չի նպաստում գործընթացի կառուցողականությանը, բայց, ինչպես տեսնում եք, շարժվում ենք առաջ։

– Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարը Դուք ե՞րբ եք տեսնում։

– Կարծում եմ՝ անշնորհակալ գործ է՝ նման մասշտաբի խնդրահարույց գործընթացի վերջնարդյունքի վերաբերյալ ժամկետի գուշակություն անելը։ Իմ տրամաբանությունը և Հայաստանի տրամաբանությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Եթե միանգամից տեղի չի ունենում, Հայաստանը պատրաստ է նաև քայլերի, որոնք այս ուղղությամբ են տանում։ Այս գործընթացի սկզբից ես հստակ դրել եմ դիրքորոշում առ այն, որ եթե մենք պետք է անենք ինչ-որ քայլեր, ապա այդ բոլոր քայլերը պետք է լինեն պրակտիկ և պետք է տանեն դեպի վերջնանպատակ, այն է՝ սահմանների բացում առաջին հերթին։ Այս պայմանավորվածությունը, ինչպես նկատեցիք, այդ համատեքստում։ Ես հույս ունեմ, որ ժամանակին՝ արագ, կլինեն այդ պայմանավորվածությունները։

– Երբ սկսվեց այս գործընթացը, Հայաստանը ի սկզբանե դիմեց Ռուսաստանին, որ միջնորդական դեր ստանձնի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ապագա բանակցություններում։ Առաջինը եղավ Մոսկվայում, հաջորդ հանդիպումները՝ Վիեննայում։ Ինչո՞վ են պայմանավորված բանակցային հարթակների նմանատիպ փոփխությունները։ Ռուսաստանը այլևս չի՞ մասնակցում այս բանակցություններին։

– Չէի ասի, որ հարթակների փոփոխություն կա։ Մոսկվայում գործընթացի մեկնարկը տրվեց, և մենք, բնականաբար, շնորհակալ ենք մեր ռուս գործընկերներին՝ մեկնարկը հեշտացնելու համար։ Բայց Վիեննան նոր հարթակ չէ, նկատի ունեմ ՝ Վեննայում չկա միջնորդ կողմ։ Այն քաղաք է, ընդ որում՝ չեզոք երկրի մայրաքաղաք, որտեղ մենք հանդիպում ենք։ Հարթակը Հայասատն-Թուրքիա շրջանակն է։

– Ինչո՞վ էր պայամանվորված այդ փոփոխությունը՝ Մոսկվայից Վիեննա։

– Թուրքական կողմի հետ քննարկումների արդյունքն է, այդ թվում՝ նրանց ցանկությամբ։

Մեկնաբանել