Թբիլիսիում կառավարության հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույց է անցկացվել

Tbilisi pro-EU protest Հուլիսի 3-ի երեկոյան ցուցարարները շարժվում են դեպի «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակներ։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Շոթա Կինչա, OC Media

Քաղաքացիական հասարակության մի քանի խմբերից կազմված «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը հուլիսի 3-ին Թբիլիսիում անցկացրել է իր երրորդ զանգվածային բողոքի ակցիան, երբ լրանում էր վերջնաժամկետը, որը շարժումը ներկայացրել էր կառավարությանը՝ հրաժարական տալու համար:

Կառավարության շենքի դիմաց վրաններ տեղադրելուց հետո «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման առանցքային խմբերից մեկի՝ «Ամոթ» շարժման առաջնորդները հայտարարել են, որ բողոքի ակցիան դրանով ավարտվում է։

«Ամոթ» շարժումը հայտարարել է, որ իրենք «խորհրդանշական» անհանգստություն են պատճառել կառավարությանը՝ թույլ չտալով անցկացնել առավոտյան նախատեսված նիստը։

Ցուցարարները գիշերել են Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց այն բանից հետո, երբ լրացել է հրաժարականի վերաբերյալ վերջնագրի ժամկետը, որը կառավարությանը ներկայացրել էին հունիսի 24-ին։

Բողոքի ցույցերը վերսկսվել են հուլիսի 3-ին, երբ տասնյակ հազարավոր վրացիներ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ՝ բողոքելու կառավարության դեմ, որը չկարողացավ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ապահովել Վրաստանի համար։ Սա Թբիլիսիում վերջին մեկ ամսում տեղի ունեցող երրորդ լայնածավալ բողոքի ակցիան է։

Անցած ամիս բողոքի ակցիաների առաջնորդները հայտարարեցին, որ իշխող կուսակցության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության խմբերի համաձայնությամբ պետք է ձևավորվի «ազգային համաձայնության» կառավարություն։ Նրանք ասացին, որ նախքան Վրաստանի անդամակցության հայտի վերանայումը այս կառավարությունը պետք է կատարի ԵՄ-ի կողմից նախանշված բոլոր 12 հանձնարարականները:

Ակնկալվում էր, որ կիրակի տեղի ունեցած հանրահավաքը ավելի մարդաշատ կլինի, քան նախորդ երկուսը, քանի որ կազմակերպիչները, որոնց ընդդիմադիր խոշոր կուսակցությունները ստվերում մնալով օգնում էին և ուղղակիորեն ղեկավարում հունիսյան ցույցերը, փորձել են մոբիլիզացնել Թբիլիսիից դուրս ապրող վրացիներին:

Թբիլիսիում հուլիսի 3-ի ցույցի ժամանակ մի խումբ ուսանողներ երգում են Վրաստանի օրհներգը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։


Չնայած ակնկալիքներին, այդուհանդերձ, հանրահավաքին մասնակցել է ավելի փոքրաթիվ, թեև զգալի բազմություն: Հունիսի 20-ին և 24-ին տեղի ունեցած հանրահավաքներից յուրաքանչյուրը, ըստ հաշվարկների, Թբիլիսիում հավաքել է առնվազն 100,000 մարդ՝ դրանք դարձնելով Վրաստանում 2012-ից ի վեր ամենամեծ հանրահավաքներից մեկը:

Որոշ ցուցարարներ, ներառյալ նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հարողները և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, իրենց դժգոհությունն են արտահայտել բողոքի առաջնորդների հասցեին, երբ հանրահավաքի մասնակիցների թիվը սկսել է նվազել «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման կեսգիշերին արած հայտարարությունից առաջ։

«Սեքս ստրուկներ և լիբերաստներ»

Հայտարարությունից հետո հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ առանձնացել են Վրաստանի խորհրդարանի առջև տեղի ունեցած հիմնական ցույցից, որպեսզի բողոքի ցույց անեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակների դիմաց։

Երբ ակնկալվում էր, որ ցուցարարներն արդեն պետք է գան, «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն, որն այդ պահին եղել է կուսակցության շտաբում, ցուցարարներին անվանել է «սեքս ստրուկներ»:

On.ge կայքը վերահրապարակել է մի տեսանյութ (այն այլևս հասանելի չէ Սամխարաձեի ֆեյսբուքյան էջում), որում երևում է, թե ինչպես է պատգամավորը վիրավորում ցուցարարներին, խոստանում բռնաբարել նրանց մայրերին՝ նրանց անվանելով «հավեր» (հոմոֆոբ վիրավորանք), ինչպես նաև դատապարտում Սաակաշվիլիին և նրա «պատերազմի կուսակցությանը»:

Վերջին տարիներին Սամխարաձեն, որը խորհրդարանական քննարկումների ժամանակ բավական լուռ է, Facebook-ը լայնորեն օգտագործում է կառավարության քննադատների վրա հարձակումների համար:

Իրենց ելույթներում բողոքի ակցիայի առաջնորդները, այդ թվում՝ «Ժողովրդավարության պաշտպաններ» խմբից Գիորգի Մշվենիերաձեն, դատապարտել են Սամխարաձեի պահվածքը, սակայն կրկնել են, որ իրենց բողոքը կշարունակի խաղաղ լինել։

Գիորգի Մշվենիերաձեն հուլիսի 4-ին Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ դիմում է բողոքի ակցիայի մասնակիցներին։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Մեկ ժամ անց ցուցարարները կրկին միացել են խորհրդարանի շենքի մոտ մնացած հիմնական խմբին։

Ցուցարարների մեկ այլ խումբ ավելի ուշ շարժվել է դեպի մոտակայքում գտնվող կառավարության գրասենյակների դիմացի տարածք, իսկ Ռուսթավելի պողոտան ի վերջո ապաշրջափակվել է։

Հուլիսի 4-ին վրացական Interpressnews լրատվական գործակալությունը մեջբերել է Վրաստանի Աջարիայի ինքնավար կառավարության ղեկավար և «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի անդամ Թոռնիկե Ռիժվաձեին, որ կրկնապատկել է իր հոմոֆոբ հռետորաբանությունը կառավարության քննադատների նկատմամբ՝ նրանց անվանելով «լիբերաստներ»։

«Լիբերաստ»-ը (Liberast – անգլ) անգլերեն «liberal» և «paederast» բառերի միաձուլում է, որը հոմոֆոբ վիրավորանք է և օգտագործվում է միասեռականների և լիբերալների դեմ: Վրաստանի ծայրահեղ աջ և ռուսամետ խմբերը հաճախ են օգտագործում այս նորաբանությունը։

Նախագահ Զուրաբիշվիլին տպավորված չէ

Կիրակի, երբ բողոքի ցույցը հասել էր իր գագաթնակետին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է «արմատական ​​ընդդիմության» կոչերը կառավարության հրաժարականի մասին, ինչպես նաև «Վրացական երազանքի» հայտարարած բարեփոխումների ծրագրերը՝ երկու կողմն էլ մեղադրելով ազգային միասնության ձգտելու իրենց հանձնառությունը չկատարելու մեջ։

Վերջին ամիսներին Զուրաբիշվիլին «ազգային համաձայնության» հասնելու քարոզարշավ է իրականացրել, նախաձեռնություն, որը դրանում ներգրավվածներից շատերին ստիպել է թերահավատորեն վերաբերվել Զուրաբիշվիլիի ձգտումների և քննադատել այդ արշավի երկիմաստ վերջնախաղը։

Այդուհանդերձ, Վրաստանի նախագահը փորձել է ցույց տալ, որ «ազգային համաձայնության» հասնելու հարցում «քաղաքական բևեռացումը» վերացնելու վերաբերյալ վրացի քաղաքական առաջնորդներից ԵՄ-ի ակնկալիքների ֆոնին ինքն ավելի հստակ առաքելություն և դեր ունի։ Նա նույնկերպ փորձել է ցույց տալ, թե որքան է բարելավվել իր վարկանիշը Ուկրաինային հրապարակավ սատարելուց հետո։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 1-ին խոստացել է կատարել բոլոր 12 հանձնարարականները, որոնք ԵՄ-ն սահմանել է Վրաստանի համար որպես նախապայման մինչև տարեվերջ իր անդամակցության թեկնածության կարգավիճակը վերանայելու համար: Կոբախիձեի հնչեցրած խոստումները ներառում են խորհրդարանում «Բևեռացման մշտադիտարկման խմբի» ստեղծում, ինչպես նաև «ագրեսիվ հռետորաբանության ժամանակավոր դադարեցում»:

Զուրաբիշվիլին դեռ չի մեկնաբանել ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ տանելու վերաբերյալ իշխող կուսակցության ծրագրերը, ինչի հետևանքով ոմանք ծաղրում են իշխող կուսակցության հասցեին նրա քննադատությունը՝ նշելով, որ այն «զուրկ է խորությունից և կոնկրետ չէ»:

Մեկնաբանել