Ամերիկյան բանկերն աստիճանաբար հեռանում են եվրոգոտուց

ԱՄՆ բանկերը, պատրաստվելով եվրոգոտու հնարավոր փլուզմանը, փորձում են պաշտպանել Եվրամիությունում իրենց ներդրումները, այդ թվում նաև՝ իրավաբանորեն: Բրիտանական The Financial Times պարբերականի հաղորդմամբ՝ եվրոգոտու լուծարումը կարող է տեղի ունենալ առաջիկա 1,5–2 տարվա ընթացքում:

«Ամերիկյան բանկային աշխարհն ընդհանուր առմամբ հակված է մտածելու, որ իր համար ամենամեծ վտանգը ներկայացնում են եվրոգոտու ճգնաժամի հնարավոր հետևանքները», – գրում է թերթը՝ վկայակոչելով ամերիկյան ֆինանսական կառույցներից մեկի աշխատակցին, ըստ որի՝ իր բանկը մոտակա 18-24 ամսվա ընթացքում եվրոգոտու փլուզում է կանխատեսում: Այս կապակցությամբ ամերիկյան մի շարք բանկեր դադարեցնում են իրենց ներդրումային գործունեությունը Եվրոպայում՝ կասեցնելով բազմաթիվ վարկային գծեր:

The Financial Times-ը նշում է, որ ներկայում ԱՄՆ բանկերը եվրոպական ընկերությունների հետ իրենց վարկային պայմանագրերը փորձում են կարգավորել լոնդոնյան ֆինանսական օրենսդրությամբ, ինչը նրանց թույլ կտա պաշտպանել սեփական ներդրումները եվրոգոտու փլուզման դեպքում:

Մեկնաբանել