Ադրբեջանը կրակել է Խաչիկ գյուղի դիրքերի և ճանապարհի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է համայնքի ղեկավարի մեքենան, հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ «հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»։

Մեկնաբանել