Արայիկ Հարությունյանը նշել է, թե ինչու են «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայություններն Արցախում սահմանափակվել

karabakh stepanakert wedding marriage

Հուլիսի 1-ից հայաստանյան բջջային կապի օպերատոր «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայություններն Արցախում հասանելի են միայն ռոումինգով։ 2020-ի պատերազմից հետո այս ընկերությունը Արցախում սկսել էր ծառայություններ մատուցել առանց ռոումինգի։

«Մենք պետք է իրականությունը ասենք՝ գործում էր անօրեն»,- հունիսի 30-ին, Արցախում «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայության մասին խորհրդարանի նիստին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հարցի։ Ստեփանյանը հետաքրքրվել էր, թե նպատակահարմար չէ՞, արդյոք, միջնորդել, որ այդ ընկերությունը չդադարեցնի գործունեությունը Արցախում: Ըստ պատգամավորի՝ խնդիրը ռազմավարական է՝ կապի հարցում այլընտրանք է պետք:

«Ինչպե՞ս եք մտածում։ Դե եկեք բոլոր կազմակերպություններին թողնենք՝ գան Ղարաբաղ, անօրեն աշխատեն՝ առանց հարկային վճարների, առանց պետական կարգավորման: Որևէ պետական կարգավորման չի ենթարկվել»,- ասել է Հարությունյանը՝ իր խոսքում չտալով «Վիվա-ՄՏՍ»-ի անունը:

Պատճառներից մեկը, որ «Վիվա-ՄՏՍ»-ի հետ չի հաջողվել պայմանավորվել, ըստ Հարությունյանի, այն է, որ ընկերությունը չի ցանկացել արգելափակել Արցախում առցանց խաղատներն ու տոտալիզատորները, քանի որ դրանք ընկերության շահույթ բերող գլխավոր աղբյուրներից են: «Оրեր հետո մենք նորից իրականացնելու ենք այն միջոցառումը, այդ բուքմեյքերական թալանի գործընթացի դեմ: Նրանք կատեգորիկ հրաժարվել են: Իսկ «Ղարաբաղ Տելեկոմի» շահառուների առջև խնդիրը դրել ենք խստացնել և ամենօրյա պայքար տանել»,- ասել է նա։

2020-ի օգոստոսի 1-ից Արցախի տարածքում արգելափակել են ինտերնետ շահումով խաղերը, առցանց վիճակախաղերը և տոտալիզատորները: Պատերազմի ժամանակ և հետո մոռացության էր մատնվել այդ որոշումը։ Բացի այդ, VPN տեխնոլոգիայի միջոցով մոլախաղերի սիրահարները շրջանցում էին արգելքը։ Հարությունյանն ասել է, որ գիտի շրջանցելու մասին, սակայն 80-90 տոկոսով փակելու են այդ դաշտը։ Ըստ նրա՝ սոցիալական ծրագրերի գերակշիռ մասը տոտալիզատորների միջոցով հետ է գնում․ «Ահռելի գումարներ են, հաստատ մեկ միլիոն դոլար չէ»։

Հարությունյանը մանրամասներ է հաղորդել «Ղարաբաղ Տելեկոմի» վերաբերյալ։ 2020-ի հոկտեմբերի 2-ց Արցախի կապի միակ օպերատորի կառավարման լիազորությունները սահմանափակել էին և վերապահվել Արցախի կառավարությանը։ Ըստ Հարությունյանի՝ պատերազմից հետո սեփականատերերը դիմել են՝ պահանջելով հետագա կառավարումը հանձնել իրենց: «Ես կատեգորիկ դեմ եմ եղել, որովետև ամենածանր իրավիճակում՝ պատերզմի առաջին օրն ամբողջությամբ ձախողել են կապի այդ համակարգը»,- ասել է Արցախի նախագահը:

Հարությունյանը շեշտել է, որ եթե կան նման ընկերություններ, որոնք կապահովեն անվտանգային կանոնները և կաշխատեն օրինական դաշտում, կարող են աշխատել Արցախում։

«Վիվա-ՄՏՍ»-ի հետ չհամագործակցելու պատճառ Հարությունյանը համարել է նաև ընկերությունում տեղի ունեցած փոփոխությունները: Հունիսի 15-ին «Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարեց ընկերության երկարամյա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի փոփոխության մասին։ Նոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը, որը մինչ այդ «ՄՏՍ» ընկերության իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահն էր:

Հարությունյանն ասել է, որ իր տեղեկություններով՝ «Վիվա-ՄՏՍ»-ը միջազգային ընկերությունների հետ բանակցում է սեփականատերերի փոփոխության հարցով, և «Վիվա-ՄՏՍ»-ի ճակատագիրն այդքան էլ հստակ չէ։

Կարդացե՛ք նաև՝

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատերը փոխվել է, նոր գնորդը հայտնի է
«Ղարաբաղ Տելեկոմի» ապագայի հարցը մշուշոտ է

—————————————