Հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ադրբեջանական կողմը «հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ըստ ՊՆ-ի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Հուլիսի 5-ին ՊՆ-ն հայտնել էր, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է համայնքի ղեկավարի մեքենան, հայկական կողմից տուժածներ չկան։

Պաշտպանական գերատեսչությունից նշել էին, որ «հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»։