ՊՆ-ն միաձույլ կառույց դառնալու անհրաժեշտություն ունի. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստին՝ ներկայացնելով Պաշտպանության և զինվորական ծառայության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը, հայտարարեց, թե առաջարկվող փոփոխություններով գերատեսչությունում «մթնոլորտ է փոխվելու»։

Նա նաև մանրամասնեց, որ իրենք այնքան լրացումներ են արել, որքան թույլ է տվել գործող Սահմանադրությունը. «Բնականաբար, որպեսզի ամբողջական լինի ուղղահայացի ապահովումը, անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, բայց առկա Սահմանադրությունն անգամ թույլ է տալիս, որ պաշտպանության նախարարը հնարավորություն ունենա իրացնել իր լիազորությունները ուղղահայաց կառավարման միջոցով»,- շեշտեց նախարարը։

«Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը հուլիսի 6-ին քննարկվեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստին։

Սուրեն Պապիկյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է պաշտպանության նախարարությունը դարձնել միաձույլ կառույց։

«Ես ուզում եմ նաև, որ մենք հասկանանք՝ այսօր ՊՆ-ն միաձույլ կառույց դառնալու անհրաժեշտություն ունի։ Շատ բարդ է նույն նախարարության ներսում տարբեր սպաների, գնդապետների ու գեներալների հագուստի վրա կարդալ՝ «պաշտպանության նախարարություն» և «գլխավոր շտաբ»։ Մենք մեկ մարմին ենք, մեկ ամբողջություն ենք։ Որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ չլինի այդ անջրպետը, պետք է այս փոփոխությունները կատարվեն օր առաջ»,- հայտարարեց նախարարը։

Նա նաև մեկ այլ օրինակ բերեց՝ առ այսօր ՊՆ կազմում գործում է 8 ֆինանսական վարչություն կամ բաժին. «Ութ առանձին միավորումներ են, այո, դրանք գործառույթներ ունեն, բայց այդ գործառույթները կարելի է միավորել մեկում»,- ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարության ներկայացրած փաթեթը դրվեց քվեարկության և միայն իշխանական պատգամավորների ձայներով ընդունվեց։ Նախագիծը կներառվի խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգ։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները բացակայում էին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել