ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի

ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից: Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը 100 հազար դրամ է։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն:

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը թեթևացնելու տեսանկյունից․ «Կարեւորվել է Կառավարության վարած քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տալիս մեղմել որոշ իրավախախտումների համար սահմանված տուգանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել