Հայկական վարորդականները կընդունվեն Ռուսաստանում․ ինչ է պետք իմանալ

վարորդական վկայական

Հունիսի 29-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, ըստ որի՝ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանում։ Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները կճանաչվեն, եթե նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում ՌԴ-ում։ Ըստ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովի՝ այս քայլով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները։

Երբ և ինչու խնդիրն առաջացավ

Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները սկսեցին կիրառվել դեռ 2017-ից, երբ այդ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» օրենքը։ Այդպիսով արգելվեց Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել։ Սա, ըստ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանի, հակասում էր ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին։ Ոստիկանության գլխավոր փաստարկն այն էր, որ «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ՀՀ ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում։

Այնուամենայնիվ, ընդունված նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդներից շատերը կորցրին աշխատանքը։ Պատճառը վարորդական իրավունքներում լատինատառ գրառման բացակայությունն էր, որի հետևանքով հայ վարորդները չէին կարող քննություն հանձնել և ռուսաստանյան վարորդական իրավունք ձեռք բերել: Նրանց վկայականում անձի հայրանվան դաշտում գրառումը միայն հայերեն էր, որոշ դեպքերում՝ նաև ռուսերեն թարգմանությամբ:

2017-ին ընդունված օրենքը, սակայն, ունի բացառություններ․ այն չի տարածվում այն երկրների քաղաքացիների վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի։ Խոսքը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մասին է։ Այս երկրների քաղաքացիների ազգային վարորդական վկայականը Ռուսաստանի համար ընդունելի է։ Օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ հայաստանցի վարորդները Ռուսաստանում խնդիրներ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի կարգավիճակ: Այս քննարկումներից որոշ ժամանակ անց TASS գործակալության հետ զրույցում Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ասել էր՝ ռուսերենը Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի՝ «Հայաստանի միակ պետական լեզուն կա և կմնա հայերենը»։

Հետաքրքրիր է, որ այս տարվա ապրիլի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը՝ ի պատասխան պաշտոնական Երևանի ցանկության։

Հայաստանում այսօր կա առնվազն երեք ռուսական դպրոց, որից երկուսը գործում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Դրանք գտնվում են Գյումրիում և Քանաքեռում՝ փաստացի սպասարկելով Հայաստանում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին։ Երկու դպրոցն էլ հիմնադրվել են 1994-ին։ Քանաքեռի թիվ 21 դպրոցում սովորում է 580 աշակերտ, իսկ Գյումրիի թիվ 19 դպրոցում, որը գտնվում է ռուսական ռազմաբազային կից զինվորական ավանում, ուսանում է 600-ից ավելի երեխա։ Երրորդ դպրոցը Արտաշատում է և կցված է այնտեղ տեղակայված ռուսական սահմանապահ զորամասին։

Տե՛ս՝ Ռուսական դպրոցները Հայաստանում․ ինչ են ասում թվերը, պաշտոնյաները և օրենքը

Հունիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ չկա որևէ գաղտնի կամ դավադիր երևույթ ռուսական դպրոցների հարցում։ «Եթե կա դրա անհրաժեշտությունը ոչ թե քաղաքական, զուտ կրթական […] կարող ենք շատացնել դասարանների քանակը»,- ասել է նա և հավելել, որ կարող է դիտարկվել մեկ ռուսական դպրոց բացելու հարցը, բայց նման որոշում դեռ չկա։

Արտաքին գործերի նախարարությունից փորձեցինք պարզել՝ ինչով է պայմանավորված օրերս Պետդումայում ընդունված նախագիծը, արդյոք դա կապ ունի Հայաստանում ռուսերենի դերի մեծացման կամ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հեռանկարի հետ։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը կոչ արեց դիմել գրավոր հարցմամբ։

Օֆելյա Սիմոնյան