Անձնագրային բաժիններում հերթերի վերաբերյալ Ոստիկանության պարզաբանումը

Լուսանկարը՝ Զավեն Մանուկյանի Ֆեյսբուքի էջից։

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել անձնագրային բաժիններում հերթերի վերաբերյալ։

Խնդիրը, ըստ Ոստիկանության՝ պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ․ «Հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները»,- ասված է պարզաբանման մեջ։

Ոստիկանությունից նշում են, որ 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ «աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները»։ Եթե 2021-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3 448, ապա 2022-ի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9 917․ «Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվող դիմումները»։

Բացի վերը թվարկվածից, այս տարի ավելացել է նաև երկար ժամանակով Հայաստանում բնակվելու և աշխատելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիների թիվը։ Ոստիկանությունը հայտնում է, որ նրանք ՀՀ-ում իրենց բնակությունն օրինականացնելու, հաշվառվելու, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ ստանալու նպատակով դիմում են անձնագրային և վիզաների վարչություն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։

«Մեծացել են ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու նպատակով օտարերկյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական մարմիններ դիմողների քանակը, ինչով պայմանավորված՝ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։ Դիմելիության մեծ աճով պայմանավորված նշված մարմիններում արդեն առաջիկա 2-3 ամիսների համար սպառվել է հերթագրվելու հնարավորությունը, ուստի ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալու, այնպես էլ անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անձինք գերադասում են ժամանել Հայաստան՝ տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով»,- նշված է պարզաբանման մեջ։

Հերթերից խուսափելու և քաղաքացիների սպասարկումն ապահովելու համար Ոստիկանությունում քննարկվում է որոշ ծառայություններ էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորությունը։

«Միևնույն ժամանակ, հորդորում ենք Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ դիմած քաղաքացիներին՝ նկարագրված իրավիճակի պայմաններում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրենց գործողություններով ավելի չբարդացնել իրավիճակը, մասնավորապես. անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն՝ միայն իր համար. առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու, հերթում դրսևորել պատշաճ վարքագիծ»,- նշում են Ոստիկանությունից։