Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և ԼՂ շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

«Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ»,- տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ռուսական կողմը նշում է նաև, որ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շփումների մասին»։