Վրաստանի օմբուդսմենը կդիմի ՍԴ՝ ծայրահեղական կուսակցությանը ճանաչելու ապօրինի

«Ալտ ինֆո»-ի անդամները (ձախից) և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։

«Ալտ ինֆո»-ի անդամները (ձախից) և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան պատրաստվում է հայցով դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի չեղյալ համարվի բռնություններով հայտնի «Ալտ ինֆո» ծայրահեղ աջ խմբավորման «Պահպանողական շարժում» քաղաքական կուսակցության գրանցումը։

Լոմջարիան իր քայլի մասին հայտարարել է հուլիսի 5-ին՝ Թբիլիսիում «Ալտ ինֆո»-ի կողմից կազմակերպված հոմոֆոբ անկարգությունների տարելիցին:

Անկարգությունների տարելիցից մեկ օր առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին որոշում էր կայացրել, որ 2021-ի հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի և դաշնակիցների միության՝ «Թբիլիսի փրայդ»-ի գրասենյակները թալանած երեք տղամարդկանց արարքը ատելության հիման վրա (անհանդուրժողականության հիմքով հետապնդում) կատարված հանցագործություն չէ, ոչ էլ կազմակերպված խմբակային բռնություն։ Դատարանը նրանց յուրաքանչյուրին տուգանել էր 5000-ական լարիով (մոտ 1700 ԱՄՆ դոլար):

Թեև 2021-ի անկարգությունների գործով իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկել 27 անձի, որոնք մեղադրվում են լրագրողների և «Թբիլիսի փրայդ»-ի գրասենյակների վրա հարձակման մեջ, քննադատները նշում են, որ այդ բռնությունները կազմակերպած «Ալտ ինֆո»-ի ղեկավարներին երբեք մեղադրանք չի առաջադրվել:

«Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի հուղարկավորությունը։ Լաշկարավան մահացել է հուլիսի 11-ին և մեկն էր այն 50 լրագրողներից, որոնք հարձակման էին ենթարկվել հուլիսի 5-ին: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ավելին, անցած ամառ ԼԳԲՏ համայնքի դեմ անկարգություններից հետո ծայրահեղական և բացահայտ ռուսամետ «Ալտ ինֆո» խմբավորմանը հաջողվել է համապետական հեռարձակման լիցենզիա ստանալ իր համանուն հեռուստաալիքի համար, հիմնել իր քաղաքական կուսակցությունը և տարածաշրջանային տասնյակ գրասենյակներ բացել, իսկ իշխանությունները նրանց ֆինանսական միջոցները լրջորեն չեն էլ ուսումնասիրել։

«Ալտ ինֆո»-ի անդամներին նաև երբեք մեղադրանք չի առաջադրել բազմաթիվ դաժան վեճերի համար, որոնք տեղի են ունեցել իրենց տարածքային գրասենյակների բացման ժամանակ, ինչպես նաև ակտիվիստներին սպառնալու կամ անցած տարվա հուլիսից հետո հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի վրա հարձակվելու համար:

Հուլիսի 1-ի գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել «Ալտ ինֆո»-ի առաջնորդ Զուրաբ Մախարաձեին և ծայրահեղ աջակողմյան այլ առաջնորդների, երբ նրանք փորձում էին շրջափակել Թբիլիսիի Մթածմինդա շրջանը՝ ԼԳԲՏ համայնքի փառատոնի անցկացման վայրը: Ինչպես տեղի էր ունեցել անցած տարի հուլիսի 1-ին ԼԳԲՏ համայնքի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ, անկարգություններից օրեր առաջ, դատարանը ազատ արձակեց նրանց:

«Ալտ ինֆո»-ից Շոթա Մարտինենկոն և մյուս ցուցարարները Թբիլիսիում հուլիսի 2-ին բախվում են ոստիկանների հետ, երբ փորձում են գնալ ԼԳԲՏ համայնքի փառատոնին։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«Կատարված ծանր հանցագործության տարելիցի օրը հանցագործության կազմակերպիչները դեռ չեն պատժվել և զբաղված են նոր անօրինական գործողություններով»,- ասվում է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի երեքշաբթի տարածած հայտարարությունում։

«[Նրանց] հայտարարությունները սահմանադրական կարգը տապալելու կոչեր, ատելության տարբեր ձևեր բորբոքելու, բռնություն քարոզելու և պատերազմի քարոզչության նշաններ են պարունակում։ Ուստի մեր կողմից պատրաստվել է սահմանադրական հայց, որը նպատակ ունի օրենքից դուրս ճանաչել նշված քաղաքական կուսակցությունը»։

Հանրային պաշտպանը նաև նշել է, որ պաշտոնապես դատական հայցը կներկայացնեն ուրիշները:

Հուլիսի 5-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես, ըստ էության, աջակցել է «Պահպանողական շարժում»-ը ապօրինի ճանաչելու նախաձեռնությանը:

Ծայրահեղ աջ ակտիվիստները Թբիլիսիում հրապարակայնորեն այրել են ԵՄ դրոշը, երբ փորձում էին կանխել հուլիսի 2-ի ԼԳԲՏ համայնքի փառատոնը, որը Վրաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքներին նվիրված շաբաթվա ամփոփիչ միջոցառումն էր: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«Նախքան նման արմատական որոշման կհասնենք, բոլորը իրենց մասով պետք է պատասխանատվություն կրեն և անընդունելի համարեն այդ խմբավորումներին և նրանց ռուսամետ, հակաեվրոպական քարոզչությունը պաշտպանելը»,- հուլիսի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զուրաբիշվիլին։

«Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված արագ քայլերը, այդ թվում՝ բռնություն գործադրողներին և սադրիչներին ավելի արդյունավետ կերպով պատասխանատվության ենթարկելու միջոցով», մեկն էր այն 12 պայմաններից, որը Վրաստանին ԵՄ թեկնածու կարգավիճակ չտրամադրելուց հետո Եվրամիությունը դրել էր Թբիլիսիի առաջ՝ որպես անդամակցության հայտի վերանայման նախապայման։

«Թբիլիսի փրայդ»-ը և մյուսները ընդդեմ Վրաստանի

Հուլիսի 5-ին մարդու իրավունքներով զբաղվող «Վրացական ժողովրդավարության նախաձեռնություն» կազմակերպությունը հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել «Թբիլիսի փրայդի» անունից իրենց կողմից ներկայացված գործն ընդդեմ Վրաստանի։ Այն վերաբերում է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած անկարգություններին, որոնց մեղավորներին Վրաստանի կառավարությունը դեռ չի պատժել։

Կազմակերպությունը պնդում է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածները՝ «խոշտանգումների կամ անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի» արգելքը, հավաքների ազատության իրավունքը և «իրավունքներից ու ազատություններից առանց խտրականության օգտվելու իրավունքը»։

2021-ի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը Վրաստանին մեղավոր է ճանաչել 2013-ի մայիսին «աննախադեպ» զանգվածային բռնություններից ԼԳԲՏ ակտիվիստներին չպաշտպանելու համար:

Ինչպես 2013-ի, այնպես էլ այս դեպքում «Վրացական ժողովրդավարության նախաձեռնությունը» մտադիր է ապացուցել, որ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների վերաբերյալ Վրաստանի կառավարության հայտարարությունները «սրել են բռնությունը» ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ։

Մեկնաբանել