Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հուլիսի 6-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման շուրջ․ «Կողմերը համակարծիք էին, որ բիզնես ֆորումների կազմակերպումը, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը կխթանի երկկողմ համագործակցությունն այս ոլորտներում»։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշումը, համոզմունք հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին:

«Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարն իր իսպանացի գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման և տևական լուծում գտնելու գործում: Խոսե Մանուել Ալբարես Բուենոն նշել է, որ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Մասնավորապես, Միրզոյանը շեշտել է, որ «Ադրբեջանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վարում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում համամարդկային արժեք հանդիսացող հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման քաղաքականություն»։

Հայաստանի և Իսպանիայի արտգործնախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։