Անորոշություն և հույս․ տպավորություններ արցախյան այցից

Լաչինի միջանցք

Արշալույս Մղդեսյան

Հանգստյան օրերին Արցախում էի։ Պատերազմից հետո արագ վերկանգնվող Արցախն ապրում է անորոշության պայմաններում: Մեծ քաղաքականության պատանդ դարձած Արցախի քաղաքացիները գրեթե մոռացել են երկարատև պլանավորման մասին, ապրում են օրվա խնդիրներով: Արցախի ապագայի, կարգավիճակի վերաբերյալ նրանց հարցերը պատասխաններ չունեն թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում:

Անհանգստացնում է նաև Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի առաջիկա փոփոխությունը՝ Բերձոր քաղաքի և Սուս գյուղի մոտալուտ հանձնումն Ադրբեջանին և Աղավնո գյուղի անորոշ ճակատագիրը:

Ապրել անորոշության մեջ

«Ապրում ենք զոմբիացած», «չենք մտածում վաղվա մասին», «սկսել ենք սովորել նոր պայմաններին»․ Արցախում հասարակ քաղաքացիների հետ ապագայի մասին խոսակցությունների ժամանակ հնչող հիմնական մտքերն են: Իսկ ոմանք էլ, իմանալով, որ զրուցակիցը Երևանից է, հարցնում են․ «Գոնե հիմա Հայաստանում հասկացա՞ն, որ Արցախը բեռ չէր, այլ վահան», «հասկանո՞ւմ են` առանց Արցախի նախկին սահմանների որքան է թուլացել Սյունիքը, որքան խոցելի է Հայաստանը»:

Անորոշությունների պայմաններում ապրելն ունի իր առանձնահատկությունները: Մարդիկ հազար անգամ մտածում են՝ արժե արդյոք սեփական միջոցներով ինչ-որ գործ նախաձեռնել, հիմնականում ակնկալում են աջակցություն պետությունից:

«Տարի ու կես է, ինչ մարդու իրավունքների պաշտպան եմ։ Առաջին հարցը, որ հանդիպումների ժամանակ մարդիկ ինձ ուղղում են՝ ինչ է լինելու վերջը,- ինձ հետ զրույցում նշում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:- Սա ամենադժվար հարցն է, որի պատասխանը ո՛չ ես ունեմ, ո՛չ էլ կառավարության ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են ամենատարբեր հարցերի քննարկումներում»:

Հատկապես Արցախի կարգավիճակի «նշաձող իջեցնելու մասին» Հայաստանի իշխանությունների հայտարարությունից հետո, ըստ Ստեփանյանի, մարդիկ գերադասում են ապրել անորոշության պայմաններում: «Մարդիկ ստեղծված պայմաններում գերադասում են ձգձգված կարգավիճակ, քան թե ապրել Ադրբեջանի կազմում»,- ասում է նա` հավելելով, որ անորոշության պայմաններում մարդիկ ապրում են առանց երկարաժամկետ պլանավորման՝ «այսօրվա օրով»:

«Սա մեր ամենավերջին ընտրությունն է, և մենք կանգնել ենք դրա վրա: Իսկապես կա գիտակցումը, որ մեզնից այսօր կախված է այստեղ ապրելը, որն Արցախը հայկական պահելու հնարավորություն է»,- նկատում է նա:

Բերձորը հանձնվում է

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին

Լաչինի միջանցում տեղակայված Բերձոր, Սուս և Աղավնո բնակավայրերի հայկական մնալու շանսերը մեծ չեն: Լաչինի միջանցքի սպասվող փոփոխությամբ, որը նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այդ բնակավայրերը կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- ասված է հայտարարությունում:

Նոր երթուղին ևս ունենալու է 5 կմ լայնություն, որով պետք է անցնեն հիմնական կոմունիկացիները՝ էլեկտրահողորդման գիծը, ինտերնետի մալուխը: Գազատարի փոփոխության վերաբերյալ դեռ հստակ պատկերացում չկա․ դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ:

Չնայած տևական ժամանակ է՝ Ադրբեջանը կառուցում է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը, որը պետք է շրջանցի Շուշին ու Լաչինը՝ դուրս գալով Գորիսի Կոռնիձոր գյուղի մոտ, խնդրի շուրջ կրքերը բորբոքվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո:

Լաչինի միջանցքի գործող և կառուցվող երթուղիները։

Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը նշեց, որ Բերձոր-Լաչինը շրջանցող երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։

Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Ազգային ժողովում հայտարարեց, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։

Սուս բնակավայրում ներկայում բնակիչներ չկան։ Նրանք արդեն տեղափոխվել են: Բերձորում, ինչպես նշում են տեղացիները, հիմա ապրում է 100-ից ավելի մարդ: Աշխատում են քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող մի քանի մթերային խանութները: Նրանց առաջարկվում է հատուցում Երևանում 8 մլն, Հայաստանի այլ բնակավայրերում 10 մլն և Արցախում 12 մլն դրամ արժեքով տուն ձեռք բերելու սերտիֆիկատներ, սակայն միայն տասը տարի հետո են դառնալու այդ գույքի սեփականատերը:

Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհը, որը սկիզբ է առնում ՀՀ-ի հետ սահմանից՝ Գորիսի Կոռնիձոր գյուղի հատվածից։

Բերձորում մնացած մարդիկ այն համարում են «ձեռառնոցի»: «Մենք ունենք գույք, պատրաստի տներ, հողամասեր, խանութներ: Մեզ ասում են՝ դրանք թողեք և ստացեք սերտիֆիկատ՝ դեռ մի հատ էլ տասը տարի առանց սեփականության իրավունքի», – դժգոհում են մարդիկ:

Իսկ Աղավնո՞ն

Աղավնոյում իրավիճակն ավելի դրամատիկ է: Սփյուռքի ներդրումներով տարիներ առաջ կառուցված գյուղն աշխարհագրորեն դուրս է մնում նոր կառուցվող միջանցքից, որի շուրջ բանակցություններն ի դեպ վարել են Արցախի, ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները: Հինգ կմ լայնությամբ միջանցքի կենտրոնից անցնող ճանապարհից Աղավնոն գտնվում է ավելի քան 3 կմ հեռավորության վրա:

Գյուղը ներկայում ունի 170 բնակիչ: Նրանք չեն պատրաստվում լքել բնակավայրը` որպես տարբերակ առաջարկելով միջանցքի նոր երթուղին նախագծել այնպես, որ գյուղն ընդգրկվի միջանցքի 5 կմ լայնության մեջ (օրինակ` այդ հատվածում ճանապարհի մի կողմում միջանցքի լայնություն լինի 1 կմ, իսկ մյուս հատվածում` 4 կմ):

Աղավնո գյուղը՝ վերևից։

Կստացվի, թե ոչ, դժվար է ասել։ Համենայնդեպս, Արցախի իշխանություններն այս հարցում խուսափում են լավատեսական մեկնաբանություններից՝ պնդելով, որ նոր երթուղին ավելի անվտանգ է աշխատելու:

Ստեփանակերտը նաև պնդում է, որ Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղում ռուս խաղաղապահներն անցագրային ստուգումներ չպետք է իրականացնեն, որը կարող է էականորեն հեշտացնել այլ երկրների անձնագրերով հայերի մուտքն Արցախ: