Փաշինյանը հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի գերատեսչությունների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության համապատասխան անդամներին հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար։

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ սկսել բեռնափոխադրումներ օդային տրանսպորտով։

«Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի գերատեսչությունների հետ աշխատեն, քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց իրագործումը այդ աշխատանքից է կախված, իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք»,- ասաց Փաշինյանը։

***

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 4 հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երեքը՝ Վիեննայում։ Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը։

Մասնավորապես, մոտ մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 1-ին, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։