Զաքիր Հասանովի քողարկված սպառնալիքը և դրա հնարավոր պատճառը

Ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 2-ին հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարության կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել «պատրաստ լինել ցանկացած պահի կանխելու հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքները»:

Այս լուրը Հայաստանում լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել, հատկապես, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած այս խորհրդակցությունից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել:

Վերոնշյալ հաղորդագրության տարածումից հետո ի սկզբանե պարզ չէր, թե ինչ նկատի ուներ Հասանովը՝ խոսելով հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքների մասին: Բաքուն հետպատերազմական փուլում ռևանշիստական ուժեր է անվանում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք, սակայն, որևէ ազդեցություն չունեն պետական կառավարման համակարգում ու զինված ուժերում որոշումներ կայացնելու գործընթացի վրա:

Այնուամենայնիվ, ադրբեջանական մամուլի ու փորձագիտական շրջանակների վերջին շաբաթվա հրապարակումները հուշում են, թե ինչը կարող էր պատճառ դառնալ Հասանովի կողմից նմանատիպ խորհրդակցության անցկացման ու Հայաստանի նկատմամբ հերթական քողարկված սպառնալիքների հնչեցման համար:

Հունիսի 28-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը, Երևանում զորակոչի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայության անցնելու մասին: Սահակյանը հավելել էր նաև, որ հատուկ փաթեթ է մշակվել, որը պայմանագրայինների համար ծառայությունը Պաշտպանության բանակում ավելի գրավիչ է դարձնում: Բարձրաստիճան զինվորականը շեշտել էր, որ պայմանագրային ծառայության անցնողները հիմնականում Արցախի քաղաքացիներ են լինելու:

Սահակ Սահակյանի այս մեկնաբանությունը մեծ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: Այս հայտարարությանը արձանգանքել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան: Նա դատապարտել է Սահակյանի հայտարարությունը և նշել, որ այն ցույց է տալիս, որ խաղաղության մասին հայկական կողմի խոսքերը ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն:

Աբդուլլաևան նաև մեղադրել է Հայաստանին եռակողմ հայտարարությամբ ստանձնած պայմանավորվածությունները խախտելու մեջ և եզրահանգել է, որ հայկական կողմի նման վերաբերմունքը բացահայտորեն ցույց է տալիս նրա շահագրգռվածությունը ոչ թե խաղաղությունը վերականգնելու, այլ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ:

Ինչպես արդեն նշվեց, Սահակ Սահակյանի այս մեկնաբանությունները վերջին շաբաթվա ընթացքում գտնվել են ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում: Ադրբեջանի իշխանամերձ փորձագիտական շրջանակները դրանք որակել են որպես հայկական ռևանշիզմի հերթական դրսևորում և սպառնալիքներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Զաքիր Հասանովի խորհրդակցությունը պաշտպանության նախարարությունում և «հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքները» կանխելու վերաբերյալ հանձնարարականը ևս արձագանք էր Սահակյանի հայտարարություններին: Ադրբեջանի իշխանությունները, նմանատիպ հաղորդագրություն տարածելով, ուղերձ են հղում հայկական կողմին, որ հարկ եղած դեպքում կարող են կրկին անցնել ուժային գործիքակազմի կիրառմանը:

Ինչ վերաբերում է Սահակ Սահակյանի մեկնաբանություններին, ապա դրանք անշուշտ պետք է ավելի ճշգրիտ ձևակերպված լինեին, որպեսզի ադրբեջանական կողմը նենգափոխությամբ զբաղվելու հնարավորություն չունենար: Բաքուն 44-օրյա պատերազմի ավարտից հետո շարունակաբար պնդում է, որ Արցախում դեռևս տեղակայված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և հայտարարում է Պաշտպանության բանակի զինաթափման անհրաժեշտության մասին:

Գնդապետ Սահակյանի անհաջող ձևակերպված մեկնաբանությունները պարզապես հերթական առիթն են դարձել Ադրբեջանի իշխանությունների համար այս պատումը ակտիվացնելու ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար: Այդ առումով թե հայաստանյան պաշտոնյաները, թե լրագրողները պետք է զգույշ լինեն նմանատիպ զգայուն թեմաների վերաբերյալ մտքեր արտահայտելիս:

Մեկնաբանել