Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Օրենքում խմբագրվել և հստակեցվել են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: ԶՈւ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ: Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում քննարկմանը նշել է, որ պաշտպանության նախարարին կարող է փոխարինել նրա քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի որոշմամբ:

Խորհրադարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ փոփոխություններով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները․ «Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հստակ սահմանել ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև զինված ուժերի գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման կարգը»,- նշել է Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները։ Մասնավորապես, հստակեցվում է անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր՝ բոլորը ներառելով մեկ ընդհանուր պաշտպանության պլանում: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթով հստակեցվում է նաև զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը: