Պետք է հարգվի սահմանների անձեռնմխելիության սկզբունքը․ Իրանի ԱԽ քարտուղար

Հուլիսի 7-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղարը նշել է, որ պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

«Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

Մեկնաբանել