Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից մեկը 11 տարի պահվել է շոտլանդական ֆերմայում

Sotheby’s աճուրդի տան տրամադրության տակ է հայտնվել Լեոնարդո դա Վինչիի վերջին աշխատանքներից մեկը: Կտավը Sotheby’s է բերել շոտլանդացի բժիշկ Ֆիոնա Մակ-Կլարենը՝ պատկերացում չունենալով, թե ինչ է իրենից ներկայացնում նկարն, և որքան է դրա արժեքը, հաղորդում է People ամսագրի կայքը:

Երեխան գրկին՝ կին պատկերող նկարը 1960-ականներից պատկանել է Մակ-Կլարենների ընտանիքին և վերջին 11 տարվա ընթացքում պահվել է ֆերմայում: 59-ամյա Ֆիոնան սարսափով է հիշում, թե ինչպես ֆերմայի վերանորոգման ժամանակ նույնիսկ չի ծածկել կտավը:

Sotheby’s աճուրդի տան շոտլանդական գրասենյակի ղեկավար Հարի Ռոբերտսոնը կարծում է, որ նկարը շուրջ 500 տարեկան է, և դրանում պատկերված է Մարիամ Մագդաղենացին՝ զավակի հետ: Աշխատանքի արժեքը կարող է գերազանցել 156 մլն դոլարը:

Չնայած նկարի իսկության հարցում վերջին խոսքը Քեմբրիջի համալսարանին կից Hamilton Kerr Institute-ի մասնագետներինն է, արդեն հիմա նկարը տեսած բոլոր մարդիկ միակարծիք են այս «հրաշքը բացահայտողի» հետ:
Ռոբերտսոնն ու նրա գործընկերները կարծում են, որ եթե նույնիսկ Դա Վինչիի վրձնին է պատկանում միայն աշխատանքի հիմքը, դա ոչ մի կերպ չի նվազեցնում նկարի մշակութային արժեքը:
Բոլոր պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո նկարի տերը մտադիր է այն վաճառել աշխարհի առաջատար թանգարաններից մեկին:

Մեկնաբանել