Ինքնասպանությունները Հայաստանում. ինչ են ասում թվերը

Ինքնասպանությունները Հայաստանում. ինչ են ասում թվերը

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը շուրջ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 21-ին, անդրադարձել էր Հայաստանում ինքնասպանությունների թվին՝ փաստացի անելով սխալ պնդում։

«Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ»,- գրել էր նա։

#CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումը և պարզել, որ նախորդ երեք տարիների հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 86, 87 և 88 ինքնասպանություն, հետևաբար 30 ինքնասպանությունը չէր կարող աճ լինել։

Ինքնասպանությունների աճ կա, բայց ոչ կտրուկ

#CivilNetCheck-ը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել այս տարի գրանցված ինքնասպանությունների թիվը։ Պարզվել է, որ մինչև հունիսի 20-ը Հայաստանում գրանցվել է 92 ինքնասպանություն։

Այս թիվը շուրջ երեք անգամ ավել է, քան Զաքարյանի նշած տվյալը, որն, ըստ նրա, հիմնված էր հրապարակումների վրա։

92 ինքնասպանության դեպքում ևս, սակայն, չկա կտրուկ աճ։ Եթե նախորդ երեք տարիներին միջինում գրանցվել է 87 ինքնասպանություն, ապա 92-ը նախորդ տարիների ավել է 5-ով, որը դժվար թե կարելի է որակել որպես «կտրուկ» աճ։

Ավելին, 2009-2015թթ. առաջին վեց ամիսներին Հայաստանում ինքնասպանությունների թիվը գրեթե մշտապես գերազանցել է 100-ը։

Ինքնասպանությունների պատկերը Հայաստանում

Վիճակագրական կոմիտեում Հայաստանում ինքնասպանությունների մասին ամբողջական տվյալներ առկա են 2009 թվականից սկսած։ Դրանց աղբյուրը ոստիկանությունն է։

Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, 2009-2021թթ. Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 2 471 ինքնասպանություն։ Այսինքն, միջինում ամեն տարի շուրջ 190 մարդ է ինքնասպանություն գործել:

Նախորդ 13 տարիներին ինքնասպանությունները կազմել են Հայաստանում գրանցված մահերի 0,66 տոկոսը։ Այսինքն, ամեն 150-րդ մահվան պատճառ եղել է ինքնասպանությունը։

Ինքնասպանությունների թիվն էապես տարբերվում է՝ ըստ սեռի և տարիքի։

Նշված ժամանակահատվածում տղամարդիկ շուրջ երեք անգամ ավելի հաճախ են ինքնասպան եղել, քան կանայք։ Ինքնասպան եղածների 76 տոկոսը (1880 անձ) արական սեռի ներկայացուցիչ է, իսկ 24 տոկոսը՝ իգական (591)։ Միջինում, յուրաքանչյուր տարի շուրջ 145 տղամարդ և 46 կին է ինքնասպան լինում Հայաստանում։

Ինքնասպանություն գործած անձանց մեջ գերակշռում են 30-65 տարեկանները։ Նրանց է բաժին ընկնում ընդհանուր թվի շուրջ 54 տոկոսը։ Նրանց հաջորդում են տարեցները՝ 65-ից բարձր անձինք (27 տոկոս)։

Ընդհանրապես ինքնասպանություն ամենաշատը գործում են 30-65 տարեկան տղամարդիկ։ Այս սեռատարիքային խմբին է բաժին ընկել 2009-2021թթ. բոլոր ինքնասպանությունների 43,5 տոկոսը (1074 դեպք)։

Հայաստանը աշխարհի 183 երկրների ցանկում 158-րդն է

Աշխարհի այլ երկրների համեմատ՝ Հայաստանում ինքնասպանությունների թիվն ամենացածրերից է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2019 թվականի տվյալների՝ Հայաստանում 100 000 բնակչի հաշվով ինքնասպանությունների թիվը կազմել է 3,3։ Այս թվով Հայաստանը աշխարհի 183 երկրների ցանկում 158-րդն է։

Ամբողջ աշխարհում միջազգային միջինը 100 000 մարդու հաշվով 9 է, այսինքն Հայաստանում ինքնասպանությունների թիվը երեք անգամ պակաս է համաշխարհային միջինից։

Ինքնասպանությունների թիվն ըստ երկրների՝ 100 000 բնակչի հաշվով 2019-ին

(աղբյուրը՝ ԱՀԿ)

ԱՀԿ տվյալնելով Հայաստանում 100 000 բնակչի հաշվով ավելի քիչ ինքնասպանություն է եղել, քան տարածաշրջանակային գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ՝Թուրքիայի։

Եթե Հայաստանում 100 000 բնակչի հաշվով 2019-ին ինքնասպան է եղել 3,3 մարդ, ապա Ռուսաստանում 25,1, Ուկրաինայում՝ 21,6, Բելառուսում՝ 21,2, Վրաստանում՝ 9,2, Իրանում՝ 5,2, Ադրբեջանում՝ 4,1, Թուրքիայում՝ 2,4։ Իսկ ԱՄՆ-ում՝ 16,1, Եվրամիությունում՝ 11,3, Արաբական աշխարհում՝ 4,2։

Մեկնաբանել