Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է հրաժարվի կիսաքայլերից. թուրքագետ

Հայաստանում փորձում են հասկանալ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում հայ-թուրքական պայմանավորվածությունների էությունն ու դրանցից բխող հնարավոր զարգացումները: Եթե պայմանավորվածություններից մեկը` օդային բեռնափոխադրումների իրականացումը, քիչ թե շատ բացատրելի ու հասկանալի է, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու հնարավորության վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Հայկական կողմը հակված չէ ներկայացնելու պայմանավորվածությունների մանրամասները, բայց արդեն քայլեր է կատարում դրանց իրագործման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության անդամներին հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ սկսել բեռնափոխադրումներ օդային տրանսպորտով։ «Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի գերատեսչությունների հետ աշխատեն, քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց իրագործումը այդ աշխատանքից է կախված, իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք»,- ասաց Փաշինյանը։

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու հնարավորության հարցում տեսնում է որոշակի ռիսկեր: Ըստ նրա՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխաներ:

«Ի՞նչ է նշանակում սահմանը հատել, սահմանային անցակետերը բացվելու են ցպահա՞նջ, թե՞ ունենալու են 24/7 հասանելիության ռեժիմ, արդյոք քաղաքացիները կարո՞ղ են սահմանը հատել իրենց ավտոտրասնպորտային միջոցներով»,- հարցարդւոմ է անում Մաթևոսյանը և հավելում, որ պարզ չէ նաև՝ մարդիկ կարող են արտահանել և ներկրել ապրանքներ ու ծառայություններ, թե ոչ:

«Սահմանը բացելիս արդյոք երկու երկրները պատրաստվո՞ւմ են փոխանակել երրորդ երկրների քաղաքացիների վերաբերյալ տվյալներ,- հարցնում է նա ու շարունակում։- Թուրքիայում առնվազն 20 գերատեսչություն ներգրավված է սահմանային անցակետերի սպասարկման և ապահովման գործընթացում։ Ինչպե՞ս է Հայաստանը համագործակցելու դրանց հետ՝ առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու»:

Մյուս ռիսկը, փորձագետի խոսքով, կապված է փախստականների և ապաստան հայցողների հնարավոր հոսքի հետ, քանի որ Թուրքայի հարավում տարբեր հաշվարկներով բնակվում է ավելի քան երեք միլիոն սիրիացի: «Արդյոք Հայաստանի կողմից եղե՞լ են հանգամանալից հաշվարկներ, թե փախստականների և ապաստան հայցողների ինչպիսի հոսքի հետ ենք գործ ունենալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան 40 տարի շարունակ տրանզիտ երկիր է դարձել», – նկատում է նա:

Վերոնշյալից բխում է հաջորդ հարցադրումը` արդյոք երրորդ երկրի քաղաքացիները կկարողանա՞ն ազատ ճանապարհորդել Թուրքիայի տարածքով, թե՞ նրանց կհատկացվի ուղևորության գոտի՝ այդ տարածքից դուրս չգալու պայմանով, օրինակ՝ ժամանակավոր մուտքի արտոնագիր միայն Անի կամ Գյումրի այցելելու համար․ «Հայաստանյան հարկատուների հաշվին Հայաստանի սահմանապահ ծառայությունները սպասարկելու են երրորդ երկրների քաղաքացիների՞ն»։

Պարզ չէ նաև, թե հայ-թուրքական սահմանին նախկինում գործած երկու անցակետերից որ մեկն է օգտագործվելու, եթե միայն Ախուրիկ անցակետը, ապա վերոնշյալ մտահոգությունն ավելի իրատեսական է:

Թուրքիան ունի 29 անցակետ հարևան ութ երկրների հետ, որոնցից գործում են միայն 18-ը, և դրանցից 7-ն են հասանելի 24/7 ռեժիմով: «Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիային սահմանային վերոհսկողության տարատեսակ փորձառություն ունի և ամենևին էլ խնդիր չի ունենա տնօրինելու գործող պայմանավորվածությունները ըստ հայեցողության», – եզրակացնում է Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Այնուհետև նա հիշեցնում է` Վիեննայի հանդիպման նախօրեին Հայաստանի ներկայացուցիչը հոռետեսական հայտարարություն է անում, որը կարելի է մեկնաբանել երկու տեսակյունից: «Կամ Հայաստանը հուսախաբ է և ոչ մի հույս չի տածում բանակցությունների ապագայի նկատմամբ, կամ այս երկու պայմանավորվածությունների շուրջ եղել են քննարկումներ, և Հայաստանը կոչ է արել Թուրքիային ետ չկանգնել այդ կիսաքայլերից: Հայաստանը պետք է հրաժարվի այս կիսաքայլերից: Եթե ոչ, Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի Թուքիայից՝ դեռ դիվանագիտական հարաբերությունները չհաստատած», – շեշտում է նա:

Փոխարենը, նրա կարծիքով, պետք է գործադրել բոլոր ջանքերը «կիսաեփ առաջարկներից խուսափելու համար կամ դրանց համար պատասխանատվություն ստանձնելուց»: Պարզ չէ նաև, թե ինչ ի նկատի ունեն կողմերը և հատկապես Թուրքիան «ամենասեղմ ժամկետներ» բառակապակցության տակ: «Ժամանակին հայ-թուրքական գործընթացում խսովում էր «ոջամիտ ժամկետների» մասին, և դա որևէ լուրջ արդյունքի չբերեց»,- հիշեցնում է Տեր-Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է օդային բեռնափոխադրումներին, ապա Վահրամ Տեր-Մաթևոսյանը հարց է բարձրացնում` քանի կարգո (բեռնատար) ինքնաթիռներ ունեն հայաստանյան ավիաընկերությունները: «Կարծեմ մեկ հատ, որը չի աշխատում: Իսկ Թուրքիան ունի բավական լավ զարգացած օդային բեռանափոխադրման համակարգ, կարգո ինքնաթիռներ»:

Արշալույս Մղդեսյան