Գրպանահատությունների մտահոգիչ վիճակագրությունն ու մեխանիկան

Օֆելյա Սիմոնյան

Վերջին ամիսներին Հայաստանում հետևողականորեն աճում է գրպանահատությունների թիվը․ դեպքերի մեծամասնությունը գրանցվում է հասարակական տրանսպորտում։

Նախկինում գրպանահատության դեպքերի 90 տոկոսով քրեական գործ չէր հարուցվում, իսկ սահմանված պատիժը շատ մեղմ էր։ Քրեաիրավական պատասխանատվությունից խուսափում էին այն անձինք, որոնք գողացել էին 5 000 դրամից պակաս գումար։

2019-ին գրպանահատների դեմ պայքարը ոստիկանությունը պատվի խնդիր հռչակեց, ԱԺ-ն ընդունեց պատիժը խստացնող օրինագիծ, որով մանր հափշտակությունը ևս քրեական հետապնդման էր ենթարկվելու։ Օրենսդրական այս փոփոխություններն էլ, սակայն, էական դեր չխաղացին։ 2022-ի առաջին հինգ ամիսներին գրեթե նույնքան գրպանահատության դեպք է գրանցվել, որքան նախորդ տարվա (2021) 12 ամիսներին։

Այս տեմպերով շարունակվելու դեպքում քանակը կարող է գերազանցել նաև 2020-ի՝ բավականին բարձր ցուցանիշը, երբ գրպանահատության 379 դեպք էր գրանցվել, որոնցից 313-ը կասեցվել է, դատարան ուղարկվել (հետևաբար բացահայտվել) միայն 50-ը։


2022-ի առաջին հինգ ամիսների ընթացքում ոստիկանությունը արձանագրել է գրպանահատության 281 դեպք, որոնցից 280-ի առիթով քրեական գործ է հարուցվել, գործերից 167-ը կասեցվել է, դատարան է ուղարկվել դրանցից միայն 7-ը։

Գրանցված դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 265-ը, տեղի է ունեցել Երևանում։ 281 գրպանահատությունների 66 տոկոսը եղել է հասարակական տրանսպորտում։

Կարևոր է նաև, որ կողոպտված քաղաքացիները շատ դեպքերում չեն դիմում ոստիկանություն, հետևաբար հաշվառումից դուրս են մնում։ Ոստիկանության տրամադրած տվյալները, այսպիսով, չեն արտացոլում հանցագործությունների քանակական ամբողջ պատկերը։

Կողոպտման մեխանիզմները

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում պարբերաբար հանդիպում են հասարակական տրանսպորտում կողոպտված քաղաքացիների գրառումներ։ ՍիվիլՆեթը զրուցել է նրանցից շատերի հետ և առանձնացրել այն հիմնական մեխանիզմներն ու գործիքակազմը, որոնք օգտագործում են գրպանահատները «աշխատանքի դուրս գալիս»։

Մեզ հանդիպած գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունեցել երեկոյան ժամերի, առավելապես՝ միկրոավտոբուսներում կամ երթուղային գազելներում, որտեղ սովորաբար միայն մեկ տեսախցիկ կա։ Գրպանահատները գործի են անցնում ամսվա սկզբին, կեսերին՝ 15-16-ին, իսկ ավելի հաճախ՝ ամսվա վերջին օրերին՝ աշխատավարձի ստացման հավանական շրջաններում։ Տոնակար օրերին նրանք ևս անպակաս են՝ հատկապես մարդկանցով լի տրանսպորտում։ Գրպանահատները միայնակ չեն գործում․ որպես կանոն նրանք երկու-երեք հոգով են, կոկիկ հագնված, հաճախ ունենում են փոքրիկ պայուսակ։

Գրեթե բոլոր զրուցակիցները խոսում էին վարորդների և գողերի հնարավոր փոխկապակցվածության մասին։ Օրինակ, Նունե Ոսկանյանը, որին կողոպտել են այս տարվա հունվարին և հասցրել մոտ 25 հազար դրամի վնաս, պատմում է, որ գողության ժամանակ տրանսպորտում լույսերն անջատված են եղել։ Նա մշտապես օգտվել է այդ երթուղուց ու վստահ է՝ նախկինում այդ ժամին լույսերը անջատված չեն եղել։

Գրպանահատները կողոպուտի շատ բազմազան սցենարներ են մշակել. մի դեպքում նրանցից մեկի ձեռքն իբրև կոտրված է և ձեռքին փոքրիկ կտոր կա, որտեղ էլ թաքցվում է գողոնը, մեկ այլ դեպքում աշխատում են ծեր կին և տղամարդ, որոնցից մեկը շեղում է ուղևորի ուշադրությունը, մյուսն անում իր «սև» գործը։ Հաճախ են հանդիպում նաև գողեր, որոնք հատուկ սադրում են և քաշքշուք սկսում տրանսպորտում՝ վախեցնելով մարդկանց ու միևնույն ժամանակ շեղելով նրանց ուշադրությունը։

Մարդիկ խուսափում են բարձրաձայնել գրպանահատության մասին

Շատ դեպքերում ուղևորները նկատում են գրպանահատության դեպքը, սակայն վախենում են դրա մասին բարձրաձայնել գողի ներկայությամբ կամ կանխել գողությունը։ Պատճառն այն է, որ մի քանի դեպքերում բարձրաձայնելուց հետո գրպանահատները հարձակում են գործել մարդկանց վրա և նրանց վնասվածքներ հասցրել, թարմ է նաև 2019-ի դանակահարության դեպքը։

Մեկնաբանել