Ադրբեջանցիները Ելփին գյուղի ուղղությամբ կրակել են 2018-ի մայիսին առաջ բերած դիրքերից․ Էդիկ Բաղդասարյան

Ադրբեջանցիները հուլիսի 7-ին Ելփին գյուղի ուղղությամբ կրակել են 2018-ի մայիսին առաջ բերած դիրքերից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»,- գրել է Բաղդասարյանը։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 7-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։ Դրանից երեք օր առաջ՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը կրկին կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում՝ Խաչիկ գյուղի ճանապարհի և հայկական դիրքերի ուղղությամբ։