Ինչպես հողից հանել «հայկական նավթը»․ մտքեր «Ապագա Հայկականը» հիմնադրամի քննարկումից

future armenian

Նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Համաժողովի մասնակիցները Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Հուլիսի 7-ին Մատենադարանում տեղի ունեցավ «Ապագա Հայկական»-ի համաժողովի մեկնարկի միջոցառումը։ Պանելային քննարկման բանախոսներն էին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը, Արամ Բեկչյանը, Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը։ Բանախոսների թվում էին նաև Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը և «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը։ Քննարկումը վարում էր EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը:

ՍիվիլՆեթը միջոցառման ելույթներից առանձնացրել է որոշ մտքեր։

Արթուր Ալավերդյան, «Արցախում պետք է համախոհների ցանց ձևավորենք»

Ինչու էր կարևոր հանրային քննարկումների շարքը սկսել հենց Արցախից։ Ամենաառաջինը՝ մենք կայուն ապագայի տեսլական տեսնում ենք ազատ, անկախ Արցախը։ Երկրորդը՝ Արցախը մեր հայրենիքի վտանգված ու շատ դժվար խնդիրների առջև է կանգնած, դրա համար մենք մեր նախաձեռնությունը սկսեցինք Արցախից, որ բոլորի ուշադրությունը կենտրոնացնենք խնդիրներին։ Մենք համարում ենք, որ դա համայն հայության խնդիրն է։ Մենք իրավունք չունենք արցախցիներին մենակ թողնել այս խնդիրների առջև։

Չորս ուղղություններ կան աշխատելու, դրանց շուրջ որոշ բանակցութուններ ենք վարում՝ տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում Արցախում կամ ծավալելու են, և միասին փորձենք կոորդինացնել այդ աշխատանքները։ Բացի այդ, մենք Արցախում պետք է համախոհների ցանց ձևավորենք, փորձենք ծառայությունների շուրջ խոսել և նախաձեռնել հոգեբանական ծառայություններ, արցախցու համար սոցիալ-տնտեսական պայմաններ ապահովելուց մինչև անվտանգային խնդիրների լուծում։ Դա միայն համախմբման արդյունքում կլինի։

Արտակ Բեգլարյան․ «Արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է»

Կարևոր ու արդյունավետ էր, որ Արցախում անցկացված ֆորումի թեման ժողովրդագրությունն էր ընտրվել, քանի որ ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է, անվտանգությունից հետո երկրորդ կարևորը։

Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է, թե ինչպես կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և՛ Արցախում, և՛ ընդհանրապես ամբողջ հայության մեջ:

Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և այդ բացառիկությունը պատմական հիմքեր ունի նաև՝ նեկա և ապագա։ Կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և՛ գաղափարախոսական հիմքը ապահովել, և՛ դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել։ Սա համազգային ջանքեր է ենթադրում։

Արամ Բեկչյան․ «Ժողովրդագրության հարցը շատ ասպեկտներ ունի»

Մենք 1990-ի համեմատ ունենք բնակչության հետաճ՝ մոտ 10 տոկոս։ Այս հարցը մի ճանապարհով չի լուծվում։ Դա ծնելիության ավելացումը չէ, դա մահերի պակասումը չէ միայն։ Դա շատ ասպեկտներ ունի․ և՛ ժողովրդի բարեկեցության, և՛ կրթության հարցն է, և՛ ծնելիության խթանման հարցն է։

Նուբար Աֆեյան. «Պետք է կարողանանք «հայկական նավթը» հողից հանել»

Տարիներ շարունակ ես մասնակցել եմ Սփյուռք-Հայաստան տարբեր կոնֆերանսների, լսել եմ այն միտքը, որ Ադրբեջանն ունի նավթ, Հայաստանն ունի իր Սփյուռքը՝ «իր նավթը»: Կարող է Սփյուռքը նավթ է, բայց, եթե չկարողանանք նավթը հողից հանել և օգտագործել, դա կմնա պարզապես երազանք: Պետք է կարողանանք խոսակցությամբ իրար գտնել, հասկանալ, հարգել, կարոտն արտահայտել, որ կարողանանք առաջ գնալ։

Սփյուռքահայությունն ընդհանրապես հուսահատվելու իրավունք չունի: Իբրև սփյուռքահայ՝ կարող եմ ասել, որ մենք ապրում ենք շատ ավելի լավ վիճակում, եթե մենք մեր ջանքն ենք ներդնելու Հայաստանի ապագային, նախ և առաջ պետք է ասենք, որ հուսահատվելու իրավունք չունենք: Բայց շատ ավելի պահանջկոտ լինելու իրավունք ունենք, որպեսզի մեր ներդրումները, մեր ժամանակը շատ ավելի ազդեցություն ունենան։

Ներկան պարտադրում է, որ գործիչներն անվերջ ներկայի վրա աշխատեն: Սփյուռքահայությունը կարող է ապագայի վրա աշխատել, քանի որ ներկայի վրա այդքան ազդեցություն չի կարող ունենալ: Կարող է փողով, ներդրումներով օգնել, բայց պետք է այստեղ լինես, որ ներկայի վրա աշխատես։ Իսկ ապագայի վրա աշխատելու համար կարող ես լինել Լոս Անջելեսում կամ ուր ուզես, և կարող ես երազներդ արտահայտել և իրականություն դարձնել որոշ տարիների ընթացքում։

Անի Ապրահամյան․ «Այլ ճանապարհ չունենք, պետք է մեր պատմության փայլուն տողերը գրենք»

Ես եկա հավատքով, որ մեր երկրի ապագան հենված է գիտության և դրա կիրառման վրա։ Սփյուռքից գալով, ճանաչելով խնդիրները, այս գանձերը, որ Հայաստանում ունենք, Ֆիզիկայի ինստիտուտում ունենք․․․ դրանք ճանաչված չեն աշխարհի կողմից, և այսօր մրցունակ չենք։ Մրցունակ ենք միայն որոշ ոլորտներում։ Այլ ճանապարհ չունենք, պետք է համագործակցենք և մեր պատմության փայլուն տողերը գրենք։

Ես եկա հավատքով, որ մեր երկրի ապագան հենված է գիտության և դրա կիրառման վրա։ Սփյուռքից գալով, ճանաչելով խնդիրները, այս գանձերը, որ Հայաստանում ունենք, Ֆիզիկայի ինստիտուտում ունենք․․․ դրանք ճանաչված չեն աշխարհի կողմից, և այսօր մրցունակ չենք։ Մրցունակ ենք միայն որոշ ոլորտներում։ Այլ ճանապարհ չունենք, պետք է համագործակցենք և մեր պատմության փայլուն տողերը գրենք։

Ռուբեն Վարդանյան․ «Մենք պետք է դուրս գանք զոհի կարգավիճակից»

Մեզ մեր անցյալը անընդհատ ետ է քաշում, մեր անցյալը կարևոր է, որ հպարտանում ենք, տխրում ենք, այդ 5 000 տարին բեռ է մեր ուսիերին, որ անընդհատ հետ ենք նայում։ Կարևոր է, որ ապագայի մասին լավատես լիենք։ Այսօրվա իրավիճակում միակ տարբերակը առաջ նայելն է։

Կարևոր է, որ կարողանանք օգտագործել մեր ամենաուժեղ կողմերը: Մենք ունենք Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող փայլուն մարդիկ, որոնք պետք է զգան, որ միասին կարող ենք փոխել մեր ապագան: Այսօր ամբողջ աշխարհում հաջողության միակ ճանապարհը միասին աշխատելու, համագործակցելու մոդելն է, շարժվելու ամենաճիշտ ուղին համագործակցությունն է բոլոր օղակների հետ։

Մեր նպատակներից է, որ կրթված հայը նորից դառնա օրինակ և մոդել բոլորի համար: Մենք պետք է դուրս գանք զոհի կարգավիճակից, մենք հաղթող ժողովուրդ ենք։ Դա մեր արյան, գեների մեջ պետք է մտնի, որ մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթել: Պետք է հստակ գիտակցենք, որ 21-րդ դարը մեր դարն է, որի տված հնարավորությունները պետք է օգտագործենք Հայաստանի զարգացման և լավագույն ապագայի համար, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր զոհված տղաների, մեր երեխաների և մեր ապագա սերունդների առջև

Արտակ Ապիտոնյան․ «Ապագա Հայկականի» երեք սկզբունքները

Մեր սկզբունքներից առաջինը միասնականությունն է, որը դրված է «Ապագա Հայկականի» հիմքում։ Մեր ապագան պետք է միասին կերտենք՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Միասնականության արտահայտումը լինելու է հանձնաժողովում ներկայացվածությունը, այնտեղ ներկայությունը Հայաստանից և Արցախից հիսուն տոկոս է լինելու, հիսուն տոկոս էլ՝ Սփյուռքից։ Այսինքն 100 մասնակից՝ ամեն կողմից։ Երկրորդ կարևոր սկզբունքը թափանցիկությունն է։ Պետք է առավելագույնս կարողանանք թափանցիկություն ապահովել, թե ինչպես են ընտրվելու այդ մասնակիցները։ Մասնակիցներին ընտրելու են դրանով զբաղվող մասնագիտացված ընկերություններ։ Երրորդ կարևոր սկզբունքը ներառականությունն է, պետք է լինի համարժեք ներգրավվածություն մարզերից։

***

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը հանդես է գալիս որպես հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների միասնական հասցեագրման գործում համահայկական գիտելիքները և ներուժը համախմբող հարթակ: Այն մեկնարկել է 2021թ․ ապրիլին տարբեր երկրներում բնակվող անվանի վեց հայերի նախաձեռնությամբ:

Փորձագիտական լայն մասնակցությամբ մշակվել են 15 նպատակ, որոնք միտված են ծառայելու Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացմանը և անվտանգության ապահովմանը, Սփյուռքում հայապահպանությանը և կառույցների հզորացմանը։