Ադրբեջանը դեպի Քելբաջար Լեռնային Ղարաբաղը շրջանցող երկար թունել է կառուցում

Ադրբեջանը դեպի Քելբաջար Լեռնային Ղարաբաղը շրջանցող երկար թունել է կառուցում

JAMnews կայքը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից դեպի Քելբաջար (Քարվաճառ) կառուցվող թունելի մասին։ Հոդվածը, որը վերնագրված է «Ադրբեջանը կառուցում է աշխարհի ամենաերկար թունելներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը շրջանցելու համար», թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։

Մայրուղու վրա, որը Գյանջան կապելու է Քելբաջարի հետ, կառուցվում է աշխարհի ամենաերկար թունելներից մեկը։ Այն անցնելու է Մռավի լեռնաշղթայի տակով։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք դեպի Քելբաջար տանող մի քանի կիլոմետրանոց թունելը, և ինչո՞ւ է այն կառուցվում շրջանցելով Լեռնային Ղարաբաղը։ Այլընտրանքային ճանապարհը երբեք ավելորդ չէ, բայց կան նաև շատ ավելի լուրջ հարցեր, կարծում է փորձագետը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից և Քելբաջարի շրջանը Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո ծագել է այս շրջանի հետ հաղորդակցության հարցը։

Բանն այն է, որ մինչև Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դեպի Քելբաջար տանող միակ ճանապարհն անցնում էր Մարտակերտի շրջանով։ […] Մարտակերտով ճանապարհը դեռ կա, բայց այն անցնում է Ղարաբաղի այն մասով, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Հյուսիսային, շատ ավելի դժվարանցանելի ճանապարհը դեպի Քելբաջար անցնում է Մռավի լեռնաշղթայով և ձմռանը գրեթե անանցանելի է:

12-կիլոմետրանոց թունել

2021-ի օգոստոսի 16-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից ինը ամիս անց, դրվեց թունելի հիմքը։ Թունելը մասն է կազմում այն ճանապարհի, որը Գյանջան (Ադրբեջանի երկրորդ կարևորագույն քաղաքը) կապելու է Քելբաջարի հետ։

Թունելի երկարությունը կկազմի 11 658 մետր և, ըստ Ադրբեջանի իշխանությունների, այն կլինի աշխարհի ամենաերկար ճանապարհային թունելներից մեկը։

Ակնկալվում է, որ թունելը շահագործման կհանձնվի 2025-ին։

Ինչո՞ւ է թունելը պետք Ադրբեջանին

Այս թունելի կառուցումն ու շահագործման հանձնման տարին միանգամից մի քանի հարց է առաջացնում, ասել է փորձագետ Նազիմ Համիդովը։

«Եկեք անկեղծ լինենք, լեռան տակ գտնվող գրեթե 12 կմ երկարությամբ թունելը հսկայական նյութական ներդրումներ է պահանջում։ Այսինքն՝ Ադրբեջանի համար սա իմիջի կամ այլ բանի հարց չէ, այլ տարբերակներ ուղղակի չկային։

Եթե ​​նայեք քարտեզին, ապա արևմտյան կողմից Քելբաջարի շրջանը սահմանակից է Հայաստանին։ Հարավից՝ Լաչինի շրջանի հետ, որը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Բայց Լաչինի շրջանում կա 5 կմ լայնությամբ միջանցք, որը կապում է Հայաստանը Ստեփանակերտի հետ։ Խնդրահարույց է նաև արևելյան կողմը՝ հին ճանապարհն անցնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտով։

Անխոչընդոտ հաղորդակցության համար մնում է միայն հյուսիսային ուղղությունը։ Բայց…

Թունելը շահագործման կհանձնվի միայն 2025-ին։ Ինչպես հիշում ենք, նույն թվականին լրանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահների գտնվելու ժամկետը։ Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ իշխանությանը մոտ կանգնած տարբեր անձանց շուրթերից հայտարարել է, որ չի երկարաձգելու Մոսկվայի հետ խաղաղապահ առաքելությունը շարունակելու պայմանագիրը […]:

Բայց այստեղ մենք ունենք թունելի կառուցման բազմամիլիոնանոց նախագիծ, որը կարելի էր չկառուցել, վստահ լինելով, որ մինչև 2025-ը Բաքուն անխոչընդոտ մուտք կունենա Մարտակերտով Քելբաջար տանող ճանապարհին։ Ըստ ամենայնի, նման որոշակիություն չկա։ Բայց ամեն դեպքում, երկրորդ՝ այլընտրանքային ճանապարհը ոչ ոքի չի խանգարի։

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաերկար թունելներից մեկի մասին հայտարարություններին, ապա Մռավի թունելն անգամ ամենաերկարների առաջին հարյուրյակում չէ, եթե դիտարկենք համաշխարհային մասշտաբով։ Բայց, անկասկած, սա հսկայական նախագիծ է տարածաշրջանային մասշտաբով»,- ասել է Համիդովը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել