Ավետիք Չալաբյանի կալանավորումը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նյութերը հետ են վերադարձվել նախաքննության մարմին և նոր միջնորդություն է ներկայացվել` կալանավորման երկարացման համար։ Այս մասին ասված է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունում։

«Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդհամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը: Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիք Չալաբյանի կալանավորումը երկարացնելու համար»,- նշում է պաշտպանական խումբը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

***

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին՝ գումարի դիմաց ուսանողներին ընդդիմության հավաքներին բերելու գործով։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Կոմիտեն քննությամբ պարզել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 000 000 ՀՀ դրամ գումար: