ՊՆ նախկին շենքը կդառնա ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն

ՊՆ նախկին շենքը կդառնա ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը ամրացվել է Պետական եկամուտների կոմիտեին և կդառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Կառավարության ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։

Վերջերս մի քաղաքացի ՍիվիլՆեթին ահազանգել էր, որ Պն նախկին շենքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականցվում, հանվում են պատուհանները և այլն։

Շենքի վրա իրականացված որոշ աշխատանքների մասին են վկայում նաև բաց աղբյուրներում առկա լուսանկարները։ Մասնավորապես, երևում է, որ շենքից հանվել են պատուհաններ և շենքի երեսպատման համար օգտագործված մետաղական կոնստրուկցիաների որոշ հատվածներ։

ՊՆ նախկին շենքի տեսքը 2021-ի հուլիսին և 2022-ի ապրիլին (աղբյուրը՝ Yandex Mirror)

ՍիվիլՆեթը օրերս այցելեց տարածք։ Շենքը հիմա այսպիսի տեսք ունի։

ՊՆ նախկին շենքն ամրացվել է ՊԵԿ-ին

Պետական գույքի կառավարման կոմիտեից #CivilnetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՊՆ նախկին շենքն ամրացվել է Պետական եկամուտներին կոմիտեն։

Որոշումն ընդունվել է մայիսի 5-ին՝ կառավարության կողմից։ Վերջինս ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել Պռոշյանի Գևորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայաված 19 հա մակերեսով հողամասի և 23 617 քմ մակերեսով շենք-շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2027թ.։

ՊԵԿ-ից #CivilnetCheck-ին տեղեկացրին, որ շենքն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի կառուցման նպատակով է անցել կոմիտեին։

Ըստ ՊԵԿ-ի՝ ԱՏԳ կենտրոնի կառուցումը բխում է կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունից, որով նախատեսված է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնների ստեղծում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ, ինչը թույլ կտա մեկ պատուհանի միջոցով իրականացնել ամբողջական ձևակերպում և բացթողում:

«Հաշվի առնելով ԱՏԳ կենտրոն տրանսպորտային միջոցների ինտենսիվ հոսքը (միջին հաշվով՝ օրական մոտ 400 բեռնատար) նպատակահարմար է այն տեղակայել Երևան քաղաքի մերձակայքում՝ ապահովելով տրանսպորտային միջոցների տեղաշարժը քաղաքը շրջանցող ավտոճանապարհներով»,- ասվում է ՊԵԿ պատասխանի մեջ։

Շինության դիրքը, ըստ ՊԵԿ-ի, թույլ կտա ապահովել տրանսպորտային միջոցների մուտքը բոլոր ուղղություններով՝ շրջանցելով Երևանը Բավրայի մաքսակետից Մ1 միջպետական ճանապարհով, Բագրատաշենի և Գոգովան-Պրիվոլնոյեի մաքսակետերից Մ6, Մ4, Մ7 միջպետական, Հ6 հանրապետական և Մեղրիի մաքսակետից Մ2 միջպետական նշանակության ճանապարհներով:

ՊԵԿ-ից հայտնում են, որ նախատեսվում է նաև ԱՏԳ կենտրոնի տարածքում կառուցել վարչական շենքեր՝ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների համար։

Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքն անկախությունից ի վեր՝ մինչև 2008-ը, Երևանի Ավան վարչական շրջանում կառուցված նոր շենքի բացումը, ծառայել է որպես ՊՆ վարչական համալիր։

Մեկնաբանել