Դուստրը հայտնել է, որ հայրն անհետ կորած է և դրա դիմաց 5 մլն է ստացել, պարզվել է՝ հայրը չի մասնակցել պատերազմին

Քաղաքացու դուստրը հայտնել է, որ իր հայրը, որը, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից։ Դրա դիմաց տղամարդու երկու դուստրերը որպես անհետ կորածի հարազատներ ստացել են 5-ական մլն դրամ։ Ռազմական ոստիկանությունը հետագայում պարզել է, որ անհետ կորած համարվող տղամարդը 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 12-ին քաղաքացու դուստրը դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե 44-օրյա պատերազմին մասնակցած իր հայրը տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա տղամարդն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:

2021-ի հուլիսի 30-ին դուստրը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ի հորն անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020թ․ 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի:

«2021-ի նոյեմբերի 22-ին դատարանի վճռով տղամարդը ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ նրա գծով շահառուներ են ճանաչվել նրա երկու դուստրերը և յուրաքանչյուրին վճարվել է 5 մլն դրամ, որպես միանվագ գումար և 500 հազար դրամ՝ որպես 2022-ի մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11 մլն դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ ռազմական ոստիկանությունը հետագայում պարզել է տղամարդը 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Անհետ կորած համարվող տղամարդը հայտնաբերվել է Արցախի Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019-ի հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության:

«Հաշվի առնելով, որ դուստրերի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել խարդախություն և զինվորական պաշտոնեական անփութություն հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել