Դատախազությունը պահանջում է Վաչագան Ղազարյանից բռնագանձել 8,2 մլրդ դրամի ապօրինի գույք ու ակտիվներ

Դատարանը վարույթ է ընդունել պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից (Սերժի Վաչո) և նրա հետ փոխկապակցված 4 անձանցից ընդհանուր շուրջ 8,2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը։

Դատախազությունի նշում են, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 11-րդ հայցադիմումն է, որն ընդունվել է վարույթ:

Դատախազությունը պահանջում է Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում։ Բռնագանձման ենթակա են նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց։ Իսկ անհնարինության դեպքում՝ դատախազությունը պահանջում է բռնագանձել նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6 մլրդ դրամ։

«Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337,7 մլն դրամ, ինչպես նաև 137,2 մլն դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ։ 1,7 մլրդ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 8,2 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։