Ռուսաստանը պատժում է Ղազախստանին՝ 30 օրով փակելով Նովոռոսիյսկի նավթային տերմինալը 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Հուլիսի 5-ին ռուսական դատարանի կարգադրությամբ երեսուն օրով փակվել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) նավթային տերմինալը սևծովյան Նովոռոսիյսկի տերմինալում։ Սա, ամենայն հավանականությամբ, Ղազախստանին ուղղված նախազգուշացում է Մոսկվայից, կարծում են էներգետիկ ոլորտի ֆրանսիական հետազոտական Petrostrategies ընկերության մասնագետները։ Petrostrategies-ի World Energy Weekly հանդեսի (հուլիսի 10-ի համարը) անդրադարձը թարգմանաբար՝ ստորև։

Հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն իր քաղաքական գոյատևման համար պարտական ​​է հունվարին Ղազախստանում ՀԱՊԿ դրոշի ներքո ռուսական ռազմական գործողությանը, բավական հիմար էր, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին խոստացավ, որ իր երկիրը կավելացնի նավթի արտահանումը։

Տոկաևի խոստումն ինքնին արտառոց չէ, քանի որ մինչև 2022-ի վերջ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի հզորությունը ավելացվելու է ավելի շատ ղազախական նավթ տեղափոխելու համար՝ տարեկան մինչև 73 միլիոն տոննա՝ ներկայիս 60-61 միլիոն տոննա ցուցանիշի փոխարեն: Ռուսաստանն ինքը օգտագործում է խողովակաշարը տարեկան մոտ 8 միլիոն տոննա հում նավթ արտահանելու համար, և դա պետք է հասցվեր մինչև տարեկան 10 միլիոն տոննայի 2022-ի վերջին: Սակայն Մոսկվայի տեսանկյունից, երբ հարցը դիտարկվում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ետնապատկերին, Ղազախստանի նախագահի մոտեցումը հավասարազոր է աջակցությանը նրանց, ովքեր Ռուսաստանին ցանկանում են պատժել Ուկրաինա ներխուժելու համար:

Սևծովյան տերմինալի փակմանը նախորդող դատարանի որոշման ժամկետները գրեթե անկասկած են դարձնում դրա հիմքում ընկած քաղաքական դրադապատճառները: Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը ռուսական դատարանի արգելանքի տակ էր, որը սահմանվել էր 2022-ի հունիսի 6-ին՝ լուծելու «փաստաթղթային խախտումները», որոնք բացահայտվել էին 2022-ի մայիսի 25-ին ավարտված աուդիտի ընթացքում: Բայց հուլիսի 5-ին, չսպասելով սահմանված ժամկետին, Ռոստրանսնադզորը (ՌԴ Տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությունը) Նովոռոսիյսկի շրջանային դատարանին խնդրել է անհապաղ իննսուն օրով դադարեցնել խողովակաշարի գործունեությունը՝ շտապողականություն, որը հարցեր է առաջացնում ներկայիս քաղաքական իրավիճակում: Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հայցվորի, սակայն փակման տևողությունը կրճատել է մինչև երեսուն օր։ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը նույն օրը բողոքարկել է՝ դատարանին խնդրելով կասեցնել որոշման կատարումը՝ բացատրելով, որ «իր գործունեության անհապաղ կասեցումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների շահագործման գործընթացի համար»։

Ղազախստանը հում նավթի արտահանման համար մեծապես կախված է Ռուսաստանից և նրա Նովոռոսիյսկ նավահանգստից: Ղազախական նավթի վաճառքները Չինաստանին՝ Ալաթավ խողովակաշարով, կազմում են տարեկան ընդամենը 12 միլիոն տոննա: Արևմտյան Ղազախստանի նավթի խոշոր հանքավայրերից (Քաշագան, Կարաչագանակ, Թենգիզ) արդյունահանման մեծ մասն արտահանվում է Կասպյան խողովակաշարի միջոցով: 1500 կմ-ոց այս խողովակաշարի մոտ 44%-ը (ներառյալ մոտ 900 կմ-ը՝ Ռուսաստանով) վերահսկվում է ռուսական բաժնետերերի կողմից։

Զավեշտալի է, որ Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը, որը 2001-ի ապրիլին այցելել էր տարածաշրջան, եզրակացրել էր, թե Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը «թույլ է տալիս շրջանցել Կովկասի անհանգիստ տարածքները»:

Այս տարվա մայիսին Ղազախստանը ստեղծեց մի խառնուրդ, որը կոչվում է «Ղազախական արտահանման խառնուրդ հում նավթ» (Kazakhstan Export Blend Crude Oil – Kebco), որպեսզի ավելի լավ տարբերակի իր հում նավթը արտահանվող ռուսականից:

Եվրոպական խորհրդի նախագահի հետ Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցից հետո հուլիսի 3-ին Աստանայի տարածած հայտարարությունում ասվում էր, որ «Ղազախստանը կարող է նպաստել՝ հանդես գալով որպես բուֆերային շուկա Արևելքի և Արևմուտքի միջև»։ Նշվում էր նաև, որ երկիրը «պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը՝ հանուն համաշխարհային և եվրոպական շուկաների կայունացման»։ Մոսկվայի տեսանկյունից սա, հավանաբար, չափազանց հեռահար և հավակնոտ քայլ էր։