Հատիս լեռան գագաթին տեղի է ունեցել Հիսուսի արձանի հիմնարկեքը

Հատիս լեռան գագաթին (2528 մ) շաբաթ օրը տրվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Այս մասին գրառում է արված գործարար, արձանի տեղադրման նախաձեռնող և հովանավոր Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

«Այս պատմական օրվանից մի քանի տարի անց Հայաստանում վեր կհառնի Փրկչի արձանը՝ որպես միաբանության, համախմբման, որպես հույսի և լույսի խորհրդանիշ»,- նշված է Ծառուկյանի գրառման մեջ։
Միջոցառմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը արձանը տեղադրելու նախագիծը անվանել է «շռնդալից»։ «Կարծում ենք, որ մեծ զբոսաշրջային հոսք կապահովվի, ճշգրիտ հոսքի մասին խոսել չենք կարող, դա անշնորհակալ գործ կլինի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որ մեր ենթակառուցվածքները հասնեն այն մակարդակին, որ կարողանանք պատշաճ կերպով նոր զբոսաշրջային հոսք ապահովել»,- ասել է Քերոբյանը։

Հուլիսի 7-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հատիսի վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնությանը կառավարության արձագանքը դրական է։ «Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, ու կառավարության մարմինները պիտի քննարկեն։ Մեր նախնական կարծիքը դրական է, քանի որ մենք կարծում ենք, որ էականորեն զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի, ու համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայ առաքելական եկեղեցին, մինչդեռ, դեմ է արտահայտվել Հիսուսի արձան տեղադրելու որոշմանը։ «Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»,- ասվում էր մարտի 23-ին Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարությունում։

Հիսուսի արձանի թեման՝ սոցիալական ցանցերում

Սոցիալական ցանցերում Հիսուսի արձանի տեղադրման վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում։

Պատմաբան Արա Սանճեանը տարակուսում է, թե ինչպես է եղեռնի զոհերին սրբադասած ազգը Քրիստոսի արձանին նայում բիզնեսի տեսանկյունից․

«Յիսուսի հսկայական արձան կանգնեցել-չկանգնեցնելու շուրջ ընթացող բանավէճը եւ այն փաստարկը թէ արձանը կը նպաստէ զբօսաշրջութեան, ինծի յիշեցուցին 1991-ին, երբ նոր Լոնտոն գացած էի՝ ուսանելու, յարկաբաժնակից, բժշկականի մէկ անգլիացի ուսանողի հետ ունեցած զրոյցս։ Երբ իրեն հարցուցի թէ ի՛նչ էր իր կարծիքը թագաւորութեան մասին, պատասխանեց.

– It’s good for tourism!

Յ.Գ. Ուրեմն 1700ամեայ քրիստոնեայ ազգս, միայն 7 տարի առաջ մէկ-մէկուկէս միլիոն Եղեռնի զոհ սրբադասած ազգս, Քրիստոսին կը նայի այսօր … businessի օգուտ ստանալու աչքով…»:

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանն էլ նկատում է, որ այս հարցի վերաբերյալ կոնսենսուս կա աթեիստների և եկեղեցու միջև․

«Ենթադրում եմ, որ համաշխարհային պատմության մեջ աննախադեպ փաստ է արձանագրվում. Աթեիստ և աշխարհիկ գիտնական/ ինտելեկտուալներն ու Արևելքի հնագույն եկեղեցու ներկայացուցիչները առաջին անգամ համերաշխ են մի շատ տարօրինակ հարցի շուրջ, որն է` Հիսուսի արձանի մերժումը։

Սա մի կողմից պատմական, իսկ մյուս կողմից էլ զավեշտալի արձանագրում է»։

Ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը բնապահպաններին ուղղված հարցադրում է անում՝ «որն է՞ Ամուլսարի ակտիվիստների դիրքորոշումը Հատիսի ապականման կապակցությամբ»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ակնարկելով գործարար Գագիկ Ծառուկյանին, գրում է․ «Փողի քանակությունը դեռևս խելքի ցուցանիշ չէ, որ ըստ փողի քանակի ում գլխին ինչ փչի, այն էլ անի, իսկ ամեն մի նման գաղափարին հավանություն տալը կառավարության մակարդակում վատ ճաշակի արտահայտություն է»:

Արձանի թեման նաև հումորի առարկա է դարձել։