ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված դավաճանության ևս մեկ դեպք

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք։

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Զինծառայողը նաև փոխանցել է զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը։ Տվյալների դիմաց զինծառայողը որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում պետական դավաճանության մեջ մեղադրվող զինծառայողը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: