Մեկ օրում հայ-վրացական սահմանին երրորդ երկրաշարժն է գրանցվել, փլուզման ահազանգեր չկան

Մեկ օրվա ընթացքում Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երրորդ երկրաշարժն է գրանցվել, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հուլիսի 11-ին, ժամը 07:36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է առաջին երկրաշարժը՝ 6 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նույն հատվածում երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 09:10-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ժամը 10:14-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է երրորդ երկրաշարժը՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ փլուզման վերաբերյալ ահազանգեր չեն եղել։

«Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդասարյանը։

Մեկնաբանել