Թոշակառուկների միայն մեկ երրորդն այժմ կարող է օգտվել 10 տոկոս հետվճարի ծրագրից

Կառավարության մայիսի 19-ի որոշմամբ այն կենսաթոշակառուները, որոնք հուլիսի 1-ից իրենց թոշակի քարտային հաշվից կանեն անկանխիկ գործարքներ, կատարած ծախսերի 10 տոկոսը հաջորդ ամիս հետ կստանան։ Հետվճարը, որը չի կարող գերազանցել 5000 դրամը, ձևավորվում է պետության և գործընկեր բանկերի կողմից 5 տոկոս հատկացումների միջոցով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունիսի 2-ին հայտարարել էր, որ ծրագրին միացել է երեք բանկ՝ «Արդշինբանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ» և «Հայբիզնեսբանկ»։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ հունիսի 30-ի դրությամբ ծրագրին միացած գործընկեր երեք բանկերից կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանում է շուրջ 173,000 անձ։ Սա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների (մոտ 400,000) շուրջ 44 տոկոսն է։

Իսկ կենսաթոշակառուների ընդհանուր թիվը Հայաստանում ավելի քան 550,000 է։ Այսինքն, թոշակառուների 31,5 տոկոսը կամ գրեթե մեկ երրորդը կարող է օգտվել ծրագրից։

Նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ թոշակառուները, ցանկության դեպքում, կարող են իրենց հաշիվները տեղափոխել գործընկեր բանկեր ու օգտվել ծրագրից։

Ծրագիրը գործարկվել է թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Միջոցառման իրականացման արդյունքում կառավարությունն ակնկալում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ նախատեսված հետվճարը բանկային քարտով կստանա կենսաթոշակ ստացողների 80 տոկոսը։

Մեկնաբանել