Քամու հետևանքով Երևանում և Աբովյանում վնասվել են տանիքներ, մեքենաներ, կոտրվել են ծառեր

Հուլիսի 11-ի երեկոյան քամու հետևանքով Երևանում և Աբովյանում վնասվել են տանիքներ, կոտրվել են ծառեր, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 11-ին, ժամը 19։50-ից 23։45-ը ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքի մի շարք փողոցներում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր և պոկվել էլեկտրական լարեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ զոհեր և տուժածներ չկան:

«Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ»,- հայտնում է ԱԻՆ-ը։