Թուրքիայի հետ փակ սահմանը և հարաբերություններ չունենալը մեզ որևէ տեղ չի տանելու. Մարուքյան

Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին։

«Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։ Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։ Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»,- գրել է Մարուքյանը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։

Մոտ 10 օր առաջ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել