ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի թեկնածությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները, հայտնում է ՀՀԿ գործադիր մարմինը։

Հուլիսի 11-ին Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։

«Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։ Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին և արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։ Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռևս գոյություն ունի և նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները»,- ասված է հայտարարությունում։

Ըստ ՀՀԿ-ի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի շուրջ «հետևողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները», ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

«Վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել և մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական և հասարակական ուժերի ու գործիչների հետ»,- նշված է հաղորդագրությունում։

***

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը հայտարարել էր նաև, որ կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս․ «Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը»,- գրել էր Վանեցյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «հավաքում են Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։

Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո էլ ընդդիմադիրները չվերադարձան խորհրդարան, բայց նաև վայր չդրեցին մանդատները՝ «ամեն վայրկյան պատգամավորի մանդատը օգտագործելու» հիմնավորմամբ։

Արթուր Վանեցյանից բացի, պատգամավորական մանդատը վայր է դրել միայն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Մեկնաբանել