Մոռացված, փոշոտված կամ կիսաշունչ․ 30 տարում՝ 137 ռազմավարություն

Գևորգ Թոսունյան

Հայաստանի անկախացումից ի վեր մշակվել (ընդունվել) է 137 ռազմավարություն, որոնցից իրականացվել է 95-ը, այսինքն՝ շուրջ 70%-ը։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի կառավարությունից։ 137 ռազմավարությունից անավարտ վիճակում է 42-ը, որից ընթացքի մեջ է 38-ը։

Միայն 2018-ից հետո մշակվել (ընդունվել) է 24 ռազմավարություն, որոնցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրականացրել է բացառապես կառավարության պարտքի կառավարման՝ 2019-21-ի, 2020-22-ի և 2021-23-ի ռազմավարական ծրագրերը։ Փաշինյանը, սակայն, նախկինում հաճախ էր խոսում «ռազմավարական տեսլականի ու մոտեցումների մասին»։

«Մեր խնդիրը հետևյալն է, առաջին կետը հանրային ծառայություններն են, որոնց հետ անմիջապես առնչվում են մարդիկ: Վերջին կետը ռազմավարություններն են, որ պատկերավոր կարող ենք գնահատել որպես ճանապարհ»,- 2022-ի մայիսի 13-ի կառավարության նիստին, խոսելով ռազմավարությունների մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ 2019-ին նա վստահ էր, որ «ռազմավարական տեսլականն ու գաղափարախոսությունը չափազանց կարևոր են երկրի երկարաժամկետ զարգացման համար. առանց դրա մեր գործողությունները կլինեն տարերային, անկանոն ու աննպատակ»։

Ռազմավարությունների հանդեպ սերը, սակայն, իշխանությանը բերել է հնարավորինս շատ նման փաստաթղթերի մշակման (ընդունման) ու հնարավորինս քիչ դրանց իրագործման հանգրվանին։

2018-ից հետո մշակված (ընդունված) 24 ռազմավարությունից իրականացվել է ընդամենը 3-ը, այսինքն՝ 12,5%-ը։

«24 ռազմավարությունից անավարտ վիճակում է 21 ռազմավարություն, որից ընթացքի մեջ է 19-ը»,- նշել են գործադիրից։

2018-ից հետո ընդունված ու այդպես էլ չիրագործված է մնում Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա 2019-2022-ի իրականացման միջոցառումների ծրագիրը, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, ոստիկանության բարեփոխումների 2020-2022 ծրագիրը, Հայաստանի թվայնացման ռազմավարությունը և այլն։

Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018-ին արդեն ընդունվել էր չորս ռազմավարություն, որոնցից մեկը իրականացվել է Փաշինյանի իշխանության օրոք, այնուհետև 2019-ին Փաշինյանի իշխանությունը սկսեց ակտիվ լծվել ռազմավարությունների մշակման ու ընդունման աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, 2019-ին ընդունվել է տասը ռազմավարություն։ 2020-ի պատերազմը «մի փոքր խանգարեց» ռազմավարությունների մշակման աշխատանքներին․ այդ տարի ընդունվել է ընդամենը չորսը, բայց 2021-ին Փաշինյանի իշխանությունը մշակեց ու ընդունեց վեց ռազմավարություն։

Ի՞նչ ռազմավարություններ է մշակում Փաշինյանի իշխանությունը

2019-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կենտրոնացել էր իրավական ու հակակոռուպցիոն ոլորտների վրա։ Մշակել էր գենդերային քաղաքականության, Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա 2019-22-ի իրականացման միջոցառումների ծրագիրը (որը չի իրականացել), դատաիրավական բարեփոխումների 2019-23-ի, քրեակատարողական և պրոբացիոն ոլորտի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը։

2019-ին մշակվել է նաև «Աշխատի՛ր, Հայաստան», գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030-ի, Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023-ի բարեփոխումների ռազմավարությունը և այլն։

2020-ին ընդունել են ոստիկանության բարեփոխման ու ազգային անվտանգության ռազմավարությունները, իսկ մյուս երկուսը ֆինանսական ոլորտին են առնչվում։

2021-ի ընդունված ռազմավարությունները վերաբերում են էներգետիկ բնագավառին, պետական պարտքի կառավարմանը, կադաստրային համակարգին, քաղաքաշինության, ինչպես նաև աղբահանությանը։ Այս վերջին՝ Աղբահանության համակարգի ռազմավարության և ռազմավարության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրով կառավարությունը հիմնականում իր առջև դրել է տարբեր փաստաթղթերի, պլանների ու մեթոդաբանության մշակման պարտականություն։ Օրինակ՝ մինչև 2023-ի սեպտեմբեր համապատասխան մարմինը, ըստ ռազմավարության, պետք է բարձրահարկ բազմաբնակարան շենքերում աղբամուղերի արդիականացման կամ դրանց փակման ուղղությամբ առաջարկություններ մշակի և ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Ընդ որում՝ ռազմավարությունում խոսք չկա, թե դրանից հետո ինչ գործողություններ են իրականացվելու։ Ընդամենը՝ առաջարկություններ պետք է մշակվեն երկու տարում։

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունում էլ պետությունը խոստանում էր «բարձրաստիճան պետական պաշտոններում կանանց տեսակարար կշիռն ամեն տարի աճ է գրանցում», մինչդեռ կառավարության կազմում ընդամենը մի կին կա՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Որոշ դեպքերում ռազմավարությունները իրագործվել են կոնկրետ պաշտոնյաների կողմից, իսկ պաշտոնից հեռանալուց հետո իրագործման տեմպը նվազել է կամ ընդհանրապես կանգնել։ Օրինակ՝ 2019-ին ընդունվեց «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարություն, որը ներկայացրել էր այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա պարբերաբար այս ռազմավարության շրջանակներում հանդիպումներ էր ունենում, ներկայացնում դրա ընթացքն ու առավելությունները։ Փոխվարչապետի պաշտոնից Ավինյանի հեռացումից (2021-ի օգոստոսից) հետո այս ծրագրի նկատմամբ կառավարության «հետաքրքրությունը» նվազել է և հիշատակվում է միայն որոշ պաշտոնական փաստաթղթերում, երբեմն էլ՝ խորհրդակցություններում։

ՍիվիլՆեթն առաջիկայում կանդրադառնա նաև 1991-2018-ն ընդունված ռազմավարություններին։

Մեկնաբանել