Ադրբեջանը կրկին կրակել է արևմտյան սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել` հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմի «պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»։

***

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը կրակել է սահմանի արևմտյան հատվածում տեղակայված Խաչիկ և Ելփին գյուղերի ուղղությամբ։ Մասնավորապես, հուլիսի 7-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակել էին Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։ Դրանից երեք օր առաջ՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել Խաչիկ գյուղի ճանապարհի և հայկական դիրքերի ուղղությամբ։ Վնասվել էր համայնքապետի մեքենան։

Մեկնաբանել