Դատախազությունը հերքում է Հրաչյա Հակոբյանի վաղեմի պնդումը

հրաչյա հակոբյան

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Նախորդ տարվա վերջին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանը պնդել էր, թե ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն անցնում է «Արարատ Միրզոյանի սպանության փորձի» գործով։

2021-ի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էին նաև Հրաչյա Հակոբյանն ու պատգամավորի օգնական, դաշնակցական Գերասիմ Վարդանյանը։

Հրաչյա Հակոբյանը ծեծկռտուքից հետո Freenews.am-ին տված հարցազրույցում պնդել էր, թե Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է նոյեմբերի 10-ին ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ։

«Ի սկզբանե տեղի է ունեցել այն, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խուլիգանական արարքի համար, մարդասպանության փորձի մեջ մեղադրվող մարդկանց կամ մարդու բերել են Ազգային ժողով, սարքել են փորձագետ կամ օգնական։ […] Սպանության մեջ մեղադրվող Գերասիմը մեղավոր չի, իրենց շեֆերն են մեղավոր»,- հայտարարել էր Հակոբյանը։

Հաջորդ օրը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հակադարձել էր ՔՊ-ական պատգամավորի պնդմանը և հայտնել, թե Վարդանյանը որպես մեղադրյալ չի անցնում Արարատ Միրզոյանի սպանության փորձի առիթով հարուցված քրեական գործով:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ն այդ ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունից փորձել էր պարզել՝ Վարդանյանը անցնում է նոյեմբերի 10-ին Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության վերաբերյալ քրեական վարույթով, թե ոչ։ ԱԱԾ-ն հրաժարվել էր պատասխանել գրավոր հարցմանը։

Գերասիմ Վարդանյանը Միրզոյանի գործով մեղադրյալ չէ

Օրեր առաջ Դատախազությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ վարույթը ԱԱԾ-ում դեռ նախաքննության փուլում է և այդ դրվագի հետ Գերասիմ Վարդանյանը կապ չունի․ նա մեղադրվում է այլ քրեական գործով։

Ավելին՝ նոյեմբերի 10-ին Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն դեպքը, հակառակ ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի պնդումների, որպես սպանության փորձ չի որակվում։

Գերասիմ Վարդանյանը ԱԱԾ-ի՝ 2020 դեկտեմբերի 2-ին հրապարակած տեսանյութում

Համաձայն ԱԱԾ-ի նոյեմբերի 11-ի հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին հոդվածով, որոնք վերաբերում են զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելուն, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն և Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով որևէ գործողության կատարել կամ չկատարել պարտադրելուն։

Պետական գործչի սպանության փորձը վերաբերում է Քրեական օրենսգրքի 34-305-րդ և 34-104-րդ հոդվածներին, որոնք սակայն հաղորդագրության մեջ չեն նշվել։

Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գերասիմ Ավետիկի Վարդանյանը անցնում է մեկ այլ քրեական գործով՝ նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններին օժանդակելու և լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար։ Ներկայում նա շարունակում է մնալ կալանավորված։

Այսպիսով, իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պնդումը, թե Գերասիմ Վարդանյանը անցնում է Արատատ Միրզոյանի սպանության գործով, սխալ է։ Իսկ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցածը որակվել է ոչ թե սպանության փորձ, այլ բռնության գործադրում։

Մեկնաբանել