«Թեղուտ» էկոնավ-ցուցասրահը կնավարկի Սևանում

Բնապահպան Անի Խաչատրյանն ու ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանն այս մասին զրուցել են Lragir.am-ի հետ: Բնապահպան ակտիվիստները նախատեսում են պլաստիկ շշերից պատրաստված «Թեղուտ» նավն իջեցնել Սևանա ջրերի վրա, ափում հանգստացողներին հրավիրել ինքնատիպ նավով անվճար շրջայց կատարելու, և շրջայցի ընթացքում էլ ներկայացնել պլաստիկ շշերի բնապահպանական վնասները: «Որոշեինք մի այսպիսի քայլ անել` հաճելին համատեղել օգտակարի հետ: Երբ մարդը գիտակցի էն կատաստրոֆիկ վիճակը, որ ունենք, ու շարունակի իներտ լինել, ուրեմն ավելի լավ է չընկնենք նման մարդու հետևից»,- ասել է Արման Յարալյանը:

«Հիմա մեր առաջ փակ են հեռուստատեսությունների դռները, մեզ եթեր չեն տալիս, մենք էլ որոշեցինք էսպիսի բան անել, որով գուցե ավելի մեծացնենք այս շրջանակը, քանի որ սա էնպիսի նախագիծ է, որ գուցե արտասահմանում էլ շատերին հետաքրքրի, և էդ միջոցով կբարձրացնենք նաև այլ հարցեր, նաև` Թեղուտի հարցը»,- նշել է Անի Խաչատրյանը:

Նա հաղորդել է նաև, որ նավի բացման օրը հենց նավի վրա կազմակերպվելու է ցուցադրություն: Ներկայացվելու են պլաստիկ շշերից պատրաստված իրեր` մոմակալներ, ծաղկամաններ, աղբամաններ, ականջօղեր և այլ զարդեր:

Նավի նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են. այն հնարավոր կլինի կառուցել 5-6 օրում: Նավն ունենալու է էկոշարժիչներ` էկոլոգիապես միանգամային մաքուր պտտվող առագաստներ և հեծանվային շարժիչ: Նախատեսվում է նաև նավի վրա անցկացնել դասընթացներ` այցելուներին սովորեցնելու համար, թե ինչպես կարելի է պատրաստել հետաքրքիր ու գեղեցիկ իրեր` օգտագործելով «անպետք և վտանգավոր» պլաստիկը:

Նախագիծը հանրային է, և իրականացվելու է հանրության աջակցությամբ:

Մեկնաբանել