Մեղրիի «Խաչաց տուն»․ պապական օջախը վերածելով բիզնեսի

Շահանե Խաչիկյանը ծնվել է Մեղրիում, Երևանում ստացել դասական վոկալիստի կրթություն, մայրանալուց հետո վերադարձել է Մեղրի, պապական տունը դարձրել հյուրատուն, այն անվանելով՝ «Խաչաց տուն»։

«Բնիկ մեղրեցիները սովորություն ունեին ասելու՝ Խաչաց, Գուգարաց, մերը ասել են Խաչաց, դրա համար անունը Խաչաց տուն է, այսինքն Խաչիկյանների տուն»,- բացատրում է Շահանե Խաչիկյանը։

Խաչիկյանների տունը Մեղրիում ամենահին պահպանված տունն է, թվագրվում է 1820 թվականով։ Այստեղ տան տերերը շարունակում են սերունդներով ապրել։ Շահանեն ասում է, որ «տունը պահպանելու կարիք ունի ու լավագույն միջոցը, որ կարող էր անել, դարձնել բիզնես և ներդնել տան շենացման մեջ»։

«Ընտանեկան տոհմածառով, մեր ունեցած տվյալներով՝ իմ բալիկը ութերորդ սերունդն է Խաչիկյանների, որ այստեղ ապրում է, և միջինում, եթե հաշվենք, մոտ հինգ հարյուր տարի է՝ մենք Մեղրիում և այս տանը ապրում ենք»,- ասում է Շահանեն։

Շահանեի որդին՝ Խորենը, երեք տարեկան է, բիզնեսում մայրիկի լավագույն օգնականը․

«Բիզնեսը տեղում ես և որդիս ենք իրականացնում, հյուրերի հետ շփվում և դիմավորում ենք մենք։ Որդիս ունի իր աշխատանքը․ խնամում է ծաղիկները, սիրում է հյուրերի հետ նախաճաշել»,- պատմում է «Խաչաց տան» հիմնադիրը։

«Խաչաց տունը» հյուրերի պակաս չի ունենում, այցելում են տարբեր երկրներից, Հայաստանից՝ նույնպես․ «Մեղրի այցելությունները գնալով՝ շատանում են, Մեղրին ունի այն մեծ պոտենցիալը, որ տուրիստական առումով լինելու է խոսուն քաղաքներից մեկը և, կարծում եմ, մի քանի տարի հետո արագ տեմպով կծաղկի»։

Երևանից-Մեղրի հեռավորությունն էլ Շահանեն խնդիր չի համարում․ «Իրականում, ինչպես ասում են մեր հյուրերը, այլ երկրներում մարդինկ յոթ ժամ ճանապարհ են գնում՝ իրենց նախընտրած խանութը գնալու համար, այդ տեսանկյունից, կարծում եմ, մի քիչ էլ մենք ենք բարդացնում Երևան-Մեղրի հեռավորության հարցը, որովհետև Երևանից Մեղրի կարելի է գալ մեկ օր գիշերակաց ունենալով օրինակ՝ Գորիսում, Կապանում կամ Քաջարանում․ այս տեղերում նույնպես լավ վայրեր կան։ Երևանից Մեղրի ճանապարհը շատ բազմազան է, մանավանդ՝ Սյունիքի հատվածում»,- բացատրում է Շահանեն։

Մեղրին լավ զբոսաշրջային վայր է, ունի բնական այցեքարտեր, սակայն Շահանեն կարծում է, որ զբոսաշրջային առավել մեծ կենտրոն դառնալու համար ենթակառուցվածքներ են անհրաժեշտ․ «Մեղրիում անհրաժեշտ են հյուրատներ, չկա հյուրանոց, որը կկարողանա միանգամից 30-40 հոգու մեկ վայրում գիշերակացով ապահովել, Մեղրիում չկան մշակութային ժամանցի վայրեր, այսինքն՝ կարպետագործության, կավագործության կենտրոններ, չկան հուշանվերների արտադրանքներ։ Որպեսզի զբոսաշրջիկը կարողանա լավ ճանաչել մեր քաղաքը, մեզ պետք են մի քանի այնպիսի վայրեր, որոնք կկազմակերպեն ժամանցային զբոսաշրջությունը․ այդ բազմազանությունը չկա, երևի պայմանավորված է մայրաքաղաքից հեռավորությամբ»,- ասում է Շահանե Խաչիկյանը։

«Խաչաց տանը» ամեն ինչ կոլորիտային է, պահպանվում են սերնդեսերունդ եկած ավանդույթները, ընտանեկան սովորույթները։ Զբոսաշրջիկը, գալով «Խաչաց տուն» հնարավորություն ունի վայելելու տեղական համեղ ուտեստները։ «Մենք այստեղ առաջարկում ենք Մեղրիի տիպիկ խոհանոց, քաղաքում չկա որևէ ռեստորան, որտեղ կարելի է գտնել Մեղրիին բնորոշ որոշակի ուտեստներ, մենք առաջարկում ենք տեղականը, որը մի քիչ հարմարեցված է սովորական խոհանոցին, որ շատ առանձնահատուկ չլինի ու քիմքին ծանոթ լինի»,- ասում է Շահանեն։

Խաչիկյանների ընտանիքի հիմնական նպատակն է տունը, ընտանեկան ավանդույթները փոխանցել սերունդներին և Մեղրին զբոսաշրջային կենտրոն դարձնել։

ՍիվիլՆեթ, Գորիս