Թուրքիան Հայաստանին առաջարկել է նոր հանդիպումն անցկացնել Երևանում կամ Անկարայում․ ՌԻԱ Նովոստի

Թուրքիան Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական իր աղբյուրին:

«Եթե խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլիներ, որ բանակցություններն ընթանային առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի կողմից ճնշումն է․ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում, բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հույս էր հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել Հայաստանում և Թուրքիայում։‌

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։

Մոտ 10 օր առաջ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել